ԱՄՆ-ն նախապատրաստվում է Սիրիայի քիմիական զենքի մի մասի ոչնչացմանը

12:34 • 02.12.13

ԱՄՆ-ի կառավարությունը սկսել է Cape Ray ամերիկյան նավի՝ տեխնիկայով համալրման գործընթացը, որպեսզի այն պատրաստ լինի սիրիական քիմիական զենքի մի մասը ծովում ոչնչացնելուն, եթե, իհարկե, պաշտոնական Վաշինգտոնին խնդրեն մասնակցել այդ գործընթացին, հայտնում է Al Arabiya-ն։

 

Reuters գործակալության հետ զրույցում ամերիկյան ռազմածովային ուժերի ներկայացուցիչն ասել է, որ Cape Ray-ը ներկայում համալրվել է ժամանակակից մի համակարգով, որը հնարավորություն կտա հիդրոլիզի միջոցով չեզոքացնել քիմիական զենքերի բաղադրիչները։

 

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը պարտավորվել է մինչ 2014թ. կեսը վերացնել Սիրիայի ունեցած քիմիական  ողջ զինանոցը, անցյալ շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է առավել վտանգավոր քիմիական զենքերի մի մասը ոչնչացնել նշված նավի վրա, սակայն գործընթացը սկսելու համար Միջերկրական ծովում դեռևս չի ընտրվել համապատասխան նավահանգիստ։

 

ՔԶԱԿ-ը նաև նշել է, որ 35 կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել ոչնչացնել պակաս վտանգավոր քիմիական զենքերը։