ԵՄ-ն չի քննարկում ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը
ԵՄ-ն չի քննարկում ուկրաինացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Դա հետևում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի արած հայտարարությունից, որը նա արել է երկուշաբթի՝ ճեպազրույցի ընթացքում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել կոնկրետ անձանց դեմ, որոնք մեղավոր են Կիևում ուժի կիրառման համար։ Այս մասին հաղորդել էր եվրոպական երկրներից մեկի առաքելության ներկայացուցիչը Բրյուսելում։
«Իրավիճակն Ուկրաինայում լարված է և անհանգստացնող։ ԵՄ երկրները տագնապով են հետևում տեղի ունեցողին։ Իշխանությունները չպետք է անհամաչափ ուժ կիրառեն քաղաքացիների դեմ, որոնք իրենց դիրքորոշումն են հայտնում մայրաքաղաքի փողոցներում»,-ասել էր նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինային առնչվող արդեն 11 հանրագիր է տեղադրվել Սպիտակ տան կայքում։
Ամենից շատ ձայներ է հավաքել հանրագիրը, որն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում Ուկրաինայի ներկայիս իշխանությունը փոփոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Մյուս հանրագրերն առաջարկում են ավելի կտրուկ գործել Ուկրաինայի դեմ: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ կիրառել նախագահ Յանուկովիչի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:










