ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում ուժի կիրառման մեղավորների դեմ
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել կոնկրետ անձանց դեմ, որոնք մեղավոր են Կիևում ուժի կիրառման համար։ Այս մասին հաղորդել է եվրոպական երկրներից մեկի առաքելության ներկայացուցիչը Բրյուսելում, փոխանցում է Взгляд-ը։
«Իրավիճակն Ուկրաինայում լարված է և անհանգստացնող։ ԵՄ երկրները տագնապով են հետևում տեղի ունեցողին։ Իշխանությունները չպետք է անհամաչափ ուժ կիրառեն քաղաքացիների դեմ, որոնք իրենց դիրքորոշումն են հայտնում մայրաքաղաքի փողոցներում»,-ասել է նա։
Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը «մոտ ապագայում» կքննարկեն ԵՄ 28 երկրների ներկայացուցիչները Բրյուսելում։
«ԵՄ-ն չեզոք դիրք է գրավում, սակայն կարծում է, որ անհամաչափ ուժ կիրառող անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե դա արել է երկրի ղեկավարությունը, ապա ԵՄ-ն ունի սեփական միջոցները՝ ներառյալ եվրոպական պետություններ մեկնելն արգելելը»,-ասել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս փուլում Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ դեռ չկան. ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ իրավիճակ կզարգանա առաջիկա օրերին։










