Ցուցարարները խումբ-խումբ են քայլում, կհանդիպեն Սիրահարների այգում (ուղիղ, տարբերակ 10, լուսանկարներ, տեսանյութ)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
15:57
Քաղաքացիական հասարակություն նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանը և Արմեն Մկրտչյանը տեղեկացրին, որ ոստիկաններն իրենց երկու տարբերակ են առաջարկել՝ կա՛մ բողոքով շարժվել դեպի Ոստիկանության կենտրոնական բաժանմունք, որտեղ գտնվում են բերման ենթարկված ակտիվիստները, կա՛մ իրենք երկուսով գնան և բերեն նրանց:
Տղաները գնացին, սակայն մնացած ցուցարարները որոշեցին, այնուամենայնիվ, շարժվել դեպի Բաղրամյան 26: Նրանք որոշեցին առանձին-առանձին խմբերով գնալ և իրար հանդիպել Սիրահարների այգում: Այս պահին տարբեր խմբերով շարժվում են դեպի Սիրահարների այգի:
15.10
Նալբանդյան փողոցում գտնվող ցուցարարներին ոստիկանները հորդորեցին հեռանալ, սակայն վերջիններս ընդդիմացան՝ պահանջելով՝ բերման ենթարկվածներին ազատ արձակելուց հետո:
Նախաձեռնող խմբի մի քանի անդամների և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ բանակցություններից հետո, վերջիններս համաձայնեցին սպասել Հանրապետության հրապարակի մետրոյին հարող տարածքում, մինչև հետ կբերեն իրենց ընկերներին:
Այս պահին նրանք սպասում են բերման ենթարկվածներին, իսկ հետագա պլանների մասին դեռ չեն բարձրաձայնում
14.42
Ամիրյան փողոցում ցուցարարներից մի տղամարդ ուշագնաց է եղել: Շարունակվում է ակտիվիստներին բերման ենթարկելու գործընթացը. ոստիկանները շարքերից ընտրում և գտնում են այն ակտիվիստներին, ովքեր առաջնորդում են ցույցը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փորձեց թույլ չտալ, որ նրանցից մեկին բերման ենթարկել՝ պառկելով նրա վրա, սակայն նրան ևս տարան դեպի ոստիկանական մեքենա:
14.33
Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո ցուցարարները վազքով հետ գնացին Ամիրյան փողոցով՝ դեպի Նալբանդյան։
Այժմ ցուցարարները փորձում են գնալ Բաղրամյան պողոտա՝ դեպի ԱԺ, սակայն հիմա էլ ոստիկանները փակում են Նալբանդյանը և խոչընդոտում երթը՝ թույլ չտալով որևէ հատվածով մուտք գործել փողոց:
Երթի պատճառով խաթարվել է երթևեկը Նալբանդյան փողոցում: Այստեղ ցուցարարները վանկարկում են «Մի-ա- ցում», իսկ ավտոմեքենաները, ի նշան աջակցության, ձայնային ազդանշան են տալիս:
14.24
Ամիրյան փողոցի վրա ոստիկանների շարքում արդեն հայտնվել են կարմիր բերետավորներ, որոնք այս պահին բերման են ենթարկում ակտիվիստներին։
Ոստիկանները քաշքշեցին և ոստիկանական մեքենա ուղեկցեցին Դավիթ Սանասարյանին, Սևակ Մամյանին:
Այստեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ում անմիջական հրամանով էլ կատարվում է ակտիվիստներին բերման ենթարկելու գործընթացը:
Ոստիկանությունը հայտարարեց, որ երթը արտոնված չէ և որ այն շարունակելու դեպքում մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության:
14.07
Ցուցարարները հասել են Ամիրյան փողոց, որտեղ ոստիկանները փակել են մուտքը դեպի Մաշտոցի պողոտա։
14.02
Ցուցարարները Կառավարության դիմումների և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին հանձնեցին իրենց նամակը և այժմ Կառավարության շենքից շարժվում են դեպի Ազգային ժողով։
13.58
Ցուցարարները Կառավարության շենքի դիմաց են, ցուցարարները փորձում են «Արժանապատիվ Հայաստան» նախաձեռնության ուղերձը փոխանցել Կառավարությանը, սակայն ոստիկանները մի քանի շարք կազմած, պատ են կազմել և թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին:
Ուղերձը ընթերցում է նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Այազյանը։ Դրանով պահանջում են հարգել հայ ժողովրդի, իրավունքները, գործել ՀՀ սահմանադրության համաձայն, կասեցնել Մաքսային միության անդամակցելու գործընթացը:
13.41
Ազատության հրապարակից ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ Աբովյան–Հյուսիսային Պողոտա խաչմերկուկից ոստիկանները մի քանի շարքով պատ էին կազմել և փակել ցուցարարների ճանապարհը։
Այս պահին ցուցարարները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի», «Պուտին հեռացիր»։
Ակտիվիստները փորձում են ճեղքել ոստիկանական պատը, սակայն դա նրանց չի հաջողվում։
Ցուցարարները պարզել են նաև Ուկրաինայի դրոշը։
13.22
Ազատության հրապարակ են եկել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով ՀՀ պետական դրոշը ձեռքին կանգնած է հարթակում, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հանրահավաքն արդեն մեկնարկել է։
«Ժառանգություն» կուսակցությունից առաջինը ելույթ ունեցավ Դավիթ Սանասարյանը, ով հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պատահական չէ ընտրված.այլ ռուս դիվանագիտական համակարգը ուսումնասիրել է տարեթվերի օրացույցը, քանի որ 1920թ. դեկտեմբերի 2ին կնքվել է հայ–ռուսական պայմանագիր, որով էլ սկսվեց Հայաստանի խորհրդայնացումը։
Դավիթ Սանասարյան նաև անդրադարձավ հայ–ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացմանը Երևանում՝ նշելով, որ այն կապամոնտաժվի։
«Նման հուշարձանները Հայաստանում կլինեն այն ժամանակ, երբ կլինի հայ–ռուսական բարեկամություն, այլ ոչ թե Հայաստանը նվաճելու ցանկություն»,– հայտարարեց Դավիթ Սանասարյանը։
Քիչ առաջ ՀՀ պետական դրոշներով մի խումբ երիտասարդներ միացան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ։ Այստեղ են նաև ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Ազատության հրապարակում հավաքվածները դեռ սպասում են նոր մասնակիցների, որպեսզի սկսեն հանրահավաքը, որը տեղի է ունենում նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության օրը։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են և Հ. Թումանյանի արձանի պատվանդանի տակ տեղադրել ցուցապաստառներ՝ «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություն», «Ազատեք խցերը ձեզ համար», «Ինքնորոշում», «Ոչ ՄՄ–ին», «Ոչ Մաքսային միությանը», «Ոչ ճնշմանը, այո ինքնորոշմանը»։
Ազատության հրապարակում կան նաև ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը իրազեկվել է հավաքի մասին՝ որպես շտապ հավաք։
Ուղիղ միացումը՝ Civilnet.am–ի










