Գյումրիի երկրորդական փողոցները, ինչպես նաև դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները բաց են. քաղաքապետարան

13:54 • 02.12.13

Գյումրիում, ուր այսօր այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փակ են միայն կենտրոնական փողոցները, իսկ երկրորդական, ինչպես նաև դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները բաց են: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը՝ ի պատասխան հարցադրման, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ այսօր քաղաքում թաղումներն արգելված են:

 

«Գյումրին պատրաստվում է դիմավորել բարձրաստիճան հյուրերի, բնականաբար, որոշակի գլխավոր փողոցներում որոշակի սահմանափակումներ կան: Ինչ վերաբերում է թաղումներ կամ նման միջոցառումներ արգելելուն, ապա նման բան չկա, անվտանգության և արարողակարգային միջոցառումներից ելնելով՝ սովորական միջացառումներ են, որոնք գյումրեցիներին չեն խանգարում: Հակառակը, գյումրեցիները ուրախ են, որ գերտերություններից մեկի ղեկավարը գալիս է մեր քաղաք»,-ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
 

 

Հիշեցենք, որ թաղումները արգելելու մասին մեկ ահազանգ էր ստացել Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Բացի այդ, ֆեյսբուքի մի օգտատեր, ով գյումրեցի է, գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Թարմ մառազմներ Գյումրիից՝ վաղը ՊուԾին ձյաձյայի գալու պատճառով մարդկանց արգելել են անգամ թաղումներ իրականացնել, ծանոթներից մեկի տատիկն էր մահացել, չեն թողնում, որ վաղը թաղեն»։