ԱԺ նախագահին առաջարկեցին անձամբ միջամտել բերման ենթարկված «ինքնիշխանության համար պայքարող» ակտիվիստներին բաց թողնելու հարցում

13:26 • 02.12.13

ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մի խումբ պատգամավորներ առաջարկեցին զբաղվել «անօրինական» բերման ենթարկվողների հարցով։

 

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքի ակցիաներ իրականացնող մի քանի ակտիվիստներ բերման են ենթարկվել Ոստիկանություն:

 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հաճախ ԱԺ-ում օրակարգ է հաստատվում, քննարկվում ու ընդունվում են օրենքներ, որոնք ՀՀ քաղաքացիների կյանքին չեն վերաբերում։ Փաշինյանը բարձրացրեց առավոտյան մի քանի ակտիվիստների բերման ենթարկելու հարցը՝ կապված Վլադիմիր Պուտինի այցի հետ։ «Այսօր առավոտից ինքնիշխանության և պետականության համար պայքարող ակտիվիստներին բերման են ենթարկվում, և ես որպես ԱԺ պատգամավոր, մտահոգված եմ ու դատապարտում եմ Ոստիկանության այդ քայլերը։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը իմանալ: Արդյո՞ք չարժե, որ ԱԺ-ն անդրադառնա այս իրավիճակներին, որովհետև ականատես ենք լինելում նրան, որ ինչ-ինչ պատճառներով ակտիվիստներին բերման են ենթարկվում՝ ոչ թե նրանց գործողությունների համար, այլ ուրիշներին ցույց տալու և վախեցնելու համար»,-ասաց նա։

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը նույնպես դատապարտում է ցանկացած անօրինակություն, անկախ նրանից, թե ում կողմից է իրականացվում։ «Եթե լինի որևէ դիմում-բողոք կամ հարցադրում ԱԺ, մենք անպայման կկազմակերպենք քննարկում՝ ճշտելու՝ օրինականությունը խախտվել է, թե ոչ»,-ասաց նա։

 

ՀԱԿ պատգամավորը միակը չէր, ով բարձրացրեց այդ հարցը։ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, թե բառացինորեն անօրինական ձերբակալություն են տեղի ունեցել, որի մասին բարձրաձայնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ես հորդորում եմ և դիմում, որ անձամբ միջամտեք, որպեսզի ակտիվիստներին բաց թողնեն»,-ասաց նա։

 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Պարոն Քոքոբելյան անպայման կանդրադառնանք»։

 

Զարուհի Փոստանջյանը լրացրեց, թե դա միայն մի մասն է, և ինքը բողոքներ է ստացել, որ մարդկանց բռնի տանում են դրոշակներով Պուտինին դիմավորելու, քանի որ վերջիններս պետական համակարգի աշխատողներ են։

 

«Անդրադարձեք նաև այս հարցին, քանի որ ՀՀ-ում արատավոր ավանդույթ է ձևավորվել, մարդիկ ստիպված են գնում փողոցներ, քանի որ պետական ծառայության մեջ են գտնվում»,-ասաց նա և ԱԺ նախագահին հարցրեց, թե բացի ոստիկանների կողմից մարդկանց անօրինական բերման ենթարկումը դատապարտելը, չի՞ դատապարտում նաև այս գործողությունները։

 

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը որևէ բողոք չի ստացել։ «Բայց համամիտ չեմ այն նախաձեռնություններին, որ ստիպում են փողոցներում դիմավորել որևէ մեկին։ Եթե դուք ունենք գրավոր բողոք, կարող եք տրամադրել»,-ասաց նա և ավելացրեց, թե պատկան մարմիների հետ հիմա կխոսի, որպեսզի նման միջադեպեր չլինեն։

 

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ավելացրեց, թե արդեն չորս ժամից ավելի է, ոստիկանության տարբեր բաժանմունքներում են քաղաքացիները, ինչը Սահմանադրության և ԱԺ-ի ընդունած օրենքների կոպիտ խախտում է։ «Նույնիսկ մարդու բնակարան են մտել առանց օրինական հիմնավորման։ Դուք ասեցիք, որ դիմում լինի, ընդունեք, որ սա դիմում է, որ որոշում կայացնենք: Ձգտեք, որ Ոստիկանությունն աշխատի օրենքների սահմանում, անկախ նրանից ով է Հայաստանում գտնվում՝ Ղազախստանի՞ նախագահը, թե՞ Ռուսաստանի նախագահը»,-ասաց Արզումանյանը։

 

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, թե հատուկ պատգամավորի համար կրկնում է, որ եթե կան տեղեկություններ, ապա պետք է անպայման քննարկել։

 

Հարցին անդրադաձավ նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով տեղեկացրեց, թե արդեն բերման ենթարկվածները թվով 9-ն են։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը խորհուրդ տվեց երկար չսպասել և արագ զանգել Ոստիկանություն՝ կանխելու այդ գործողությունները, քանի որ ըստ նրա՝ այս միջադեպերը արագ տարածվում են լրատվամիջոցներով, նաև դրա մասին խոսում են դրսի լրատվամիջոցները, ինչը վնասում է պետականությունը։

 

«Դուք գիտեք, որ եթե ակտիվստներին բերման են ենթարկում, արագ այդ ինֆորմացիան տարածվում է: Դա ձեր շահերից է բխում, պետական շահերի սպասարկումից է բխում: Ցանկությունս է, որ ավելի արագ լինի»,-ասաց նա։

 

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Խորհրդի համար շատ շնորհակալ եմ»։

 

Օրակարգը հաստատվելուց հետո Հովիկ Աբրահամյանը տեղեկացավ իրավիճակից և հայտարարեց, թե որևէ ակտիվիստ չի ձերբակալվել, այլ նրանք բերման են ենթարկվել, քանի որ շենքի վրա պաստառներ են փակցրել։ «Սա ուղղակի տեղեկացնելու համար»,-ասաց նա։