Իսլանդիայում ոստիկանները պատմության մեջ առաջին անգամ մարդ են գնդակահարել

21:05 • 02.12.13

Իսլանդական ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են հանցագործի ձերբակալության գործողություն, որի ժամանակ առաջին անգամ պատմության մեջ կասկածյալը գնդակահարվել է: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:

 

Ռեյկյավիկում միջին տարիքի տղամարդը անհայտ պատճառներով սկսել է կրակել հրացանից: Ոստիկանությունը տարհանել է շրջակա շենքերի բնակչությանը և փորձել է կապ հաստատել հանցագործի հետ:

 

Անհաջողությունից հետո ոստիկանները արցունքաբեր գազ են թողել բնակարան՝ փորձելով վնասազերծել կասկածյալին: Դա չի օգնել, իսկ հանցագործը սկսել է անկանոն կրակել պատուհաններից: Շենքը գրոհելու համար դեպքի վայր է ուղարկվել ոստիկանական հատուկ ջոկատը: Կասկածյալը սկսել է կրակել ոստիկանների վրա՝ վնասելով նրանցից մեկի գլխարկը և մյուսի վահանը:

 

Հատուկ ջոկատի մարտիկները պատասխան կրակ են բացել՝ մահացու վիրավորելով հարձակվողին: Նրան փորձել են փրկել տեղի հիվանդանոցի աշխատակիցները, սակայն ջանքերն ապարդյուն են անցել:

 

Ներքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել սպանվածի հարազատներին և բարեկամներին՝ հայտարարելով, որ ոստիկանության ղեկավարությունը և շարքային աշխատակիցները նույնպես խորապես ցավակցում են կատարվածի համար: Դեռևս չի հաջողվել պարզել տղամարդու նման պահվածքի պատճառը:

 

Իսլանդիայի ամբողջ բնակչությունը կազմում է ընդամենը 320.000 մարդ: Հանցավորության մակարդակը այս երկրում այնքան ցածր է, որ ոստիկանությունը շատ հազվադեպ է փողոցներում զենքով հայտնվում և գրեթե երբեք չի օգտագործում: