Ցուցարարները Կիևում արգելափակել են կառավարության շենքի մուտքերը

11:31 • 02.12.13

Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են Կիևում կառավարության շենքի մուտքերը, հաղորդում է ria.ru-ն:

 

Ցուցարարները կանգնել են դարպասների մոտ, որոնցով կառավարության շենքի բակ են մտնում նախարարներն ու աշխատակիցները:

 

Մասնավորապես, դարպասների մոտ, որոնցով ընդդիմադիրներից մեկի՝ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի խոսքով՝ աշխատանքի է գնում վարչապետ Նիկոլայ Ազարովը, մուտքն արգելափակվել է մի քանի տասնյակ մարդկանցով և վառ գունավորված սպորտային մեքենաներով: Ոստիկանության աշխատակիցները չեն խոչընդոտում ցուցարարներին:

 

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավտոմեքենաների օգնությամբ արգելափակել են ավտոտրանսպորտային երթևեկությունը Գրուշևսկու փողոցում, որտեղ գտնվում է երկրի կառավարության շենքի գլխավոր մուտքը:

 

Գրուշևսկու փողոցում՝ Գերագույն ռադայի շենքի կողմից, քաոտիկ կարգով կանգնած է 10 ավտոմեքենա՝ Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով: Մեքենաներում վարորդներ չկան:

 

Ցուցարարների հիմնական խումբը կանգնել է կառավարության շենքի հիմնական մուտքի մոտ: Նրանք ձեռքերում են պահել ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության խորհրդանիշներով և Ուկրաինայի պետական դրոշներ:

Կառավարության շենքի մուտքն արգելափակվել է ավտոբուսներով, ինչպես նաև ոստիկանական շարքերով: