Մասաչուսեթսում մոտ 70 ավտոմեքենա է բախվել
Մոտ 70 ավտոմեքենա վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքի մերձակայքում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Մասաչուսեթսի ոստիկանության Twitter-ի էջին: Նվազագույնը 35 մարդ է հոսպիտալացվել, երկու վիրավոր գտնվում է ծանր վիճակում:
Դեպքը տեղի է ունեցել միջնահանգային I-290 ավտոճանապարհին: Պատճառը եղել է ճանապարհի սառույցը: Վարորդները, որոնք մոտենում էին վթարի ենթարկված առաջին մեքենաներին, չէին կարողանում արգելակել սառույցի պատճառով, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարը ձգվել է գրեթե մինչև 500 մետր, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Պատահարը տեղի է ունեցել 65 ավտոմեքենայի և 4 բեռնատարի մասնակցությամբ: Վթարի է ենթարկվել նաև մեկ ոստիկանական մեքենա: I-290 ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնվել է վթարից 5 ժամ անց:










