Պուտինին Երևանում ցանկանում են դիմավորել ոչ միայն դաշնակիցները. Независимая газета-ի անդրադարձը

10:59 • 02.12.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանում է Հայաստան։ Այցը երկօրյա է հայտարարվել՝ դեկտեմբերի 2-3-ին, սակայն որոշ հայկական լրատվամիջոցներ հաղորդում են, որ ՌԴ նախագահը Հայաստանում կմնա միայն մեկ օր՝ այդպիսով պահպանելով հավասարությունն Ադրբեջանի հետ, որտեղ նա ևս չէր գիշերել, գրում է Независимая газета-ն։

 

Պուտինի այցի նախօրեին Հայաստանի ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ երկուշաբթի Երևանի կենտրոնական որոշ շրջաններ փակ կլինեն երթևեկության համար։
 

Խիստ վերահսկողությունը մտցվելու է անվտանգության նկատառումներով։ Սակայն НГ-ի երևանյան աղբյուրները պնդում են, որ դա արվում է ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի շարասյան անվտանգության, այլ այն բանի համար, որ ՌԴ նախագահի աչքով չընկնեն արևմտամետ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաները։

 

Այն մասին, որ հայ հասարակության մի մասը մտադիր է ռուս առաջնորդին «բողոք հայտարարել», հայտնի էր դարձել «Արժանապատիվ հայրենիք» խմբի հայտարարությունից հետո, որը դեմ է երկրի՝ Մաքսային միությանն անդամակցելուն։


Այդ կազմակերպության մեջ, որն ի հայտ եկավ անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շրջվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից և հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին, ընդգրկվեցին որոշ արևմտամետ ուղղվածությամբ կուսակցություններ, այդ թվում՝ խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությունը։ Երևանում ՌԴ նախագահին պատրաստվում են պաստառներով դիմավորել։

 

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը НГ-ի թղթակցի հետ զրույցում կոչ է արել չչափազանցնել իրավիճակը. տարբեր պատճառներով բողոքի ակցիաները Երևանի հասարակական-քաղաքական կյանքի անբաժանելի մասն են, դրանք համընկնում են տարբեր պաշտոնյաների ակցիաների հետ, իսկ վերջերս նախագահական նստավայրի մոտ նախագահի հրաժարականի պահանջով ակցիա է տեղի ունեցել։

 

«Ակցիայի ուղղվածությունը կախված է այն բանից, թե ով է այցելում։ Սակայն դրանք բոլորն ունեն ներքաղաքական բնույթ»,-ասել է քաղաքագետը։