Այսօր Հայաստան է այցելում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր մեկնարկում է ՌԴ նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, ինչի կապակցությամբ ասֆալտապատվել է Գյումրիի օդանավակայանից քաղաքի մուտք տանող ճանապարհը, քաղաքում կախվել են ՀՀ և ՌԴ պետական դրոշներ, իսկ հանրապետությունում և Գյումրիում անցկացվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ինչպես մամուլում պարբերաբար նշվում է, հիմնական շեշտը դրվում է դիտահորերի զոդման վրա:
ՀՀ ոստիկանությունը հաղորդել էր, որ այսօր Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցներն իրար հատող խաչմերուկի հարակից տարածքում հայ-ռուսական դարավոր բարեկամությանը նվիրված հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը նշված տարածքներում:
Այսպես. այցի շրջանակներում տեղի կունենա նախագահների մակարդակով երկկողմ հանդիպում, ապա երկու երկրների նախագահները Գյումրիում և Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների:
Հիմնական շեշտը դրվելու է Գյումրիում ժամեր անց անցկացվելիք «Ռուսաստան.Հայաստան. Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովի վրա։ Հայկական կողմի աշխատանքները համակարգում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայկական զարգացման գործակալությունը:
Գյումրիում կկայանա Վլ. Պուտինի մասնակցությամբ համաժողովի լիագումար նստաշրջանը, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան։ ՌԴ նախագահի պետական այցը կեզրափակվի դեկտեմբերի 3-ին Երևանում 9 կլոր սեղանների թեմատիկ քննարկումով։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայանալիք լիագումար նստաշրջանին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ հիմնական զեկույցներով հանդես կգան վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը։
Ինչպես հաղորդվել էր՝ նախագահական նստավայրում կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
Քանի որ ՌԴ նախագահի միջպետական այցին առնչվող աշխատանքները համակարգվում են ՀՀ նախագահական նստավայրի կողմից, միջոցառումների ծրագիրը անցնում է գաղտնապահական որոշակի մթնոլորտում:
Մինչ այժմ ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պատվիրակությամբ, որում ընդգրկված է ավելի քան 500 մարդ, և ՌԴ նախագահին Հայաստանում կուղեկցեն 6 նախարարներ, 11 նահանգապետեր, ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները` «Ռոսատոմ», «ՌԵՈւ», «Գազպրոմ», «ՌՈՒՍԱԼ», «ԻՆՏԵՌ ՌԱՕ», «ՎՏԲ» բանկ և այլն:
Նշենք, որ ՌԴ նախագահի՝ Kremlin.ru կայքում ևս երեկ մինչև օրվա երկրորդ կես «արտերկիր այցելությունների քարտեզ» բաժնում ևս ոչ միայն որևէ մանրամասն, այլ, առհասարակ, տեղեկություն չկար Հայաստան կատարվելիք այցի մասին:
ՌԴ նախագահի այցը համընկնում է Հայաստանի խորհրդայնացման տարեթվին: Հիշեցնենք, որ 84 տարի առաջ այս օրը կնքվել է համաձայնագիր, որի արդյունքում Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
Այս կապակցությամբ Մաքսային միությանը և եվրասիական տնտեսական ինտեգրմանը դեմ որոշ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնություններ խորհրդանշական հանրահավաք են կազմակերպելու մայրաքաղաքի Ազատության հրապարակում՝ խորհրդանշական համարելով նման համընկնումը:
«Այսօր Առաջին Հանրապետության անկման, Հայաստանի խորհրդայնացման օրն է և այդ օրը գնալով Ազատության հրապարակ՝ մենք ցանկանում են ցույց տալ, որ մենք այդ օրը հիշում ենք ու դասեր ենք քաղել»,- Tert.am–ին ասել էր «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ավելին՝ նա համոզված է , որ հատկապես Գյումրի՝ նախկին Ալեքսանդրապոլ այցելությունը այս խորհրդանշական համընկնմանը վերջին շտրիխը տալու և ամբողջացնելու նպատակ է հետապնդում:
Ամեն դեպքում, Գյումրիում կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան երկու անգամ Գյումրի գա-գնա և այցելի նաև արվարձաններ, մոտավորապես 5 տարում Գյումրին կարգին քաղաք կդառնա, և «մահանա» կլինի, որ մի քանի կմ փողոց վերանորոգվի:
«Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում վստահություն էր հայտնել, թե Հայաստանի իշխանավորներին կհաջողվի Պուտինից թաքցնել Գյումրու աղքատ դեմքը, ինչի համար հիմք է հանդիսանում «Թեհրան 43» ֆիլմի մի պատմությունը, որտեղ ասվում էր՝ «Չերչիլը ժամանեց այն երթուղով, որի մասին նախապես հաղորդվել էր, Ռուզվելտը ժամանեց բոլորովին այլ երթուղով, որի մասին հաղորդվել էր, և սպասողները չտեսան, թե ինչպես ժամանեց Ստալինը»:










