Ուկրաինայի դեպքերն ինձ հիշեցնում են ոչ թե հեղափոխություն, այլ անկարգություններ. Վ. Պուտինը՝ Ս. Սարգսյանի հետ համատեղ ասուլիսին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր տեղի ունեցավ համատեղ ասուլիս՝ ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ: Լրագրողները Վլադիմիր Պուտինից հետաքրքրվեցին Իրանի միջուկային հարցի շուրջ միջազգային ասպարեզում գրանցված առաջընթացի՝ տարածաշրջանում հետագա հավանական ազդեցության, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
- Միջազգային համագործակցությունը առաջընթաց է գրանցում Իրանի միջուկային ծրագրում, ինչին իր մասնակցություն է ունեցել նաև Ռուսաստանը: Ըստ Ձեզ՝ ձեռք բերված համաձայնությունն ինչպե՞ս կազդի տրանսպորտային ենթակառուցվածքների վրա՝ մասնավորապես մեր շրջանում, հաշվի առնելով, թե այն ինչ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար:
- Ռուսաստանն անշուշտ ողջունում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնց հիմքում ընկած են ռուսական առաջարկները: Մենք միշտ կողմ ենք եղել, որ այս դժվար հարցը լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ Իրանին թույլ տրվի զարգացնել խաղաղ միջուկային էներգետիկան՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության պարտադիր պաշտպանության պարագայում:
Սա առաջին փուլն է, մենք պետք է առաջ շարժվենք՝ հույս ունենալով, որ միջազգային համագործակցությունն այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ մոտ ժամանակներս պայմանավորվածություններ ձեռք կբերի համատեղ աշխատանքները շարունակելու և նոր արդյունքներ գրանցելու վերաբերյալ: Դրա համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Իսկ ինչ վերաբերվում է տրանսպորտային ենթակառուցվածքներին, ապա իհարկե, հաշվի առնելով, որ Իրանով հնարավոր է ապահովել համապատասխան հաղորդակցություն, մենք որոշակի ծրագրեր ունենք երկաթգծի վերաբերյալ: Դրանք ֆինանսական ապահովման տեսանկյունից հեշտ ծրագրեր չեն, սակայն բավականին իրականանալի են:
Դրան զուգահեռ, ինձ թվում է, որ մենք պետք է ինչպես հարկն է աշխատենք բոլորս միասին, այդ թվում Անդրկովկասի շրջանում, որպեսզի վերականգնենք այն կորցրածը, որը արդյունավետ աշխատում էր դեռևս Խորհրդային Միության շրջանում՝ նկատի ունենալով նման հաղորդակցության կազմակերպումը ԱՊՀ երկրների շրջանակում: Կան որոշակի խնդիրներ, սակայն ինձ թվում է, որ դրանց լուծման ուղղությամբ կարելի է պայմանավորվել: Ամեն դեպքում դրա համար ստեղծվում են անհրաժեշտ նախապայմանները:
- Ի՞նչպես կբնութագրեք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
- Ուկրաինայի դեպքերն ինձ ավելի շատ հիշեցնում են ոչ թե հեղափոխություն, այլ անկարգություններ: Եվ որքան էլ տարօրինակ թվա, ըստ իս, դա քիչ է կապված Ուկրաինա-ԵՄ փոխհարաբերությունների հետ:
Ուշադրություն դարձրեք, որ այդ համաձայնագրերի բովանդակության մեջ ոչ-ոք չի խորանում, ոչ-ոք ոչինչ չի տեսնում, ոչ-ոք ոչինչ չի լսում: Ասում են, որ ուկրաինացի ժողովրդից խլում են երազանքը, սակայն եթե նայենք այդ համաձայնագրերի բովանդակությանը, ապա մինչև այդ երազանքը, իսկ իրականում երազանքը շատ լավն է, շատերը կարող են չապրել, որովհետև պայմանները շատ խիստ են:
Իմ կարծիքով՝ այն ամենն ինչ կատարվում է, ինչպես արդեն ասացի, ուղիղ կապ չունի Ուկրաինա-ԵՄ համագործակցության հետ, դա ներքաղաքական գործընթաց է՝ ընդդիմության փորձը՝ խաթարել գործող, ցանկանում եմ ընդգծել՝ լեգետիմ իշխանությունների գործունեությունը երկրում:
Ավելին, այն ինչ կատարվում է, խոսում է այն մասին, որ դա ամենևին հեղափոխություն չէ, այլ լավ կազմակերպված միջոցառումներ, և այդ միջոցառումները, ըստ իս, նախապատրաստված չէին այս օրվա համար: Դրանք նախապատրաստվում էին 2015 թ. գարնանը նախագահական ընտրությունների քարոզարշավի համար:
Սա պարզապես փոքրիկ կեղծ մեկնարկ է՝ կապված որոշակի իրադարձությունների հետ, սակայն դրանք նախապատրաստություններ են նախագահական ընտրությունների համար: Եվ այն, որ դրանք նախապատրաստություններ են, ակնառու էր բոլոր օբյեկտիվ դիտորդների համար՝ հաշվի առնելով, որ մենք հեռուստաէկրաններից տեսնում ենք, թե ինչպես են գործում լավ պատրաստված գրոհայինների խմբերը: Ահա և իմ գնահատականը:
Իսկ ընդդիմությունը կամ չի կարողանում կառավարել այն, ինչ կատարվում է այնտեղ, կամ դա որոշակի քաղաքական ծածկույթ է՝ ծայրահեղական գործողությունների համար:










