Ռիո դե Ժանեյրոյում վառել են աշխարհի ամենամեծ «լողացող» տոնածառի լույսերը (տեսանյութ)
Բրազիլիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը։ Տոնածառը գույնզգույն լույսերով է վառվել Ռիո դե Ժանեյրոյի Ռոդրիգո Ֆրեյտաս ծովածոցում։ 85 մ երկարությամբ ծառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով El Nuevo Herald-ին։
Չնայած հորդառատ անձրևին՝ հազարավոր մարդիկ հավաքվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերի վառման արարողությանը մասնակցելու։
«Ռիոյի լողացող ծառն» արհեստական տոնածառ է։ Ամեն տարի այն տարբեր կերպ են զարդարում։ Այսօր նրա վրա կախված են ավելի քան 3 մլն լույսեր։ Ամբողջ տոնածառի երկարությունը 85 մ է, այն կշռում է ավելի քան 500 տոննա։
Տոնածառի լույսերը կմիացնեն յուրաքանչյուր գիշեր՝ մինչև 2014թ. հունվարի 6-ը։ Աշխարհի ամենամեծ տոնածառը տեղադրում են 1996-ից։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է քաղաքի ամենախոշոր տեսարժան վայրերից մեկը։










