Հայաստանը թարմություն և նոր գաղափարներ կբերի ՄՄ. Տիգրան Սարգսյան

14:33 • 02.12.13

Գյումրիում մեկնարկել է «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» խորագրով համաժողովը, որի ընթացքում առաջին ելույթն ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ համաժողովն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ ինտեգրացիոն միավորման շրջանակներում:

 

«Համաժողովի համար առիթ հանդիսացավ այն, որ Հայաստանը կայացրեց որոշում՝ անդամակցելու Մաքսային միությանը, իսկ հետագայում դառնալու Եվրասիական միության անդամ: Սակայն այս կոնցեպտում առաջանում են որոշակի հարցեր, որոնց կցանկանայի պատասխանել: Առաջին հարցն այն է, թե որը եղավ Մաքսային միություն մտնելու՝ Հայաստանի որոշման շարժառիթը. առաջին հերթին հասկանալի էր, որ անհրաժեշտ է կոլեկտիվ որոշում այն մարտահրավերների համար, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը»,-ասաց նա:

 

Վարչապետն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում դժվար է ստեղծել մրցունակ տնտեսություն, նույնիսկ անլուծելի խնդիր է այն երկրների համար, որոնք ունեն սահմանափակ ռեսուրսներ և փոքր շուկա, ինչպիսին Հայաստանն է:

 

«Սա երկակի դժվար է, եթե հաշվի առնենք այն, թե ինչպիսի աշխարհաքաղաքական դիրքում ենք հայտնվել: ՄՄ-ին անդամակցումը, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ուղղված է ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ կայուն տնտեսական աճի, և մրցունակ տնտեսություն ունենալու համար»,-ասաց նա և ընդգծեց, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանը եկել է այն որոշման, որ պետք է լիարժեք մասնակցի այն ինտեգրացիոն գործընթացներին, որոնց մասնակցում ՀԱՊԿ անդամ երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները:

 

Վարչապետը նաև ընդգծեց, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն ՌԴ-ի հետ հարաբերությունները, քանի որ այն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և խոշորագույն ներդրողը:

 

«Տնտեսական հարաբերություններն ունեցել են մշտապես զարգացող բնույթ: Մենք ներկայումս հասել ենք մեր հարաբերությունների զարգացման բարձրագույն կետին: Տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարությունը, որը արտացոլված է երկարատև տնտեսական հարաբերությունների մինչև 2020թ. ծրագրերում, պետք է ուղղված լինի առևտրատնտեսական դիֆերսիֆիկացիայի պայմանների ապահովմանը մեր երկրների միջև»,-ասաց նա:

 

Վարչապետը նաև իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը, այսպես ասած՝ դատարկ ձեռքերով չի մտնում ՄՄ: «Մենք համոզված ենք, որ կարող ենք բերել թարմություն և նոր գաղափարներ ՄՄ-ի աշխատանքներում»,-ասաց նա:

 

Վարչապետը նաև նշեց, որ ինտեգրումը պետք է արդյունավետ լինի առաջին հերթին հասարակ քաղաքացիների համար, այլ կերպ ասած՝ նրանք պետք է հասկանան, որ իրենց կյանքում բարեփոխումներ են լինելու և որ ինտեգրացիոն գործընթացի արդյունավետությունը պետք է զգան նաև միջին և փոքր ձեռնարկատերերը: