Ավտոտրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցներն արգելափակել են Ֆրանսիայի խոշոր փողոցները

13:22 • 02.12.13

Ֆրանսիայի ավտոտրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցները երկրում խոշոր բողոքի ակցիա են սկսել, որի ընթացքում արգելափակել են երկրի հիմնական ավտոճանապարհները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Բողոքի ցույցն իրականացվում է ֆրանսիական ավտոտրանսպորտային ընկերությունների փոխադրումների «բնապահպանական հարկ» սահմանելու կառավարության մտադրության դեմ: Այդ հարկերից ստացված խոշոր գումարները, ինչպես պնդում են իշխանությունները, ուղղվելու են բնապահպանությանը և ճանապարհային ցանցի զարգացմանը:

 

Տրանսպորտային ձեռնարկությունների աշխատակիցները և ղեկավարությունները համարում են, որ տվյալ հարկային միջոցները կհանգեցնեն նրանց ծառայությունների զգալի թանկացման և ընկերությունների սնանկացման:

 

Ակցիային մասնակցում են մի քանի հազար խոշոր բեռնատար ավտոմեքենաներ: Նրանց օգնությամբ ճանապարհները կամ փակվում են, կամ բեռնատարներն ու կոնտեյներներ տեղափոխող մեքենաներն այնքան դանդաղ են ընթանում, որ դա առաջացնում է բազմակիլոմետրանոց խցանումներ:

 

Ներկայում փաստացիորեն դադարեցվել է երթևեկությունը Փարիզի շուրջ գտնվող մի քանի կարևոր ավտոճանապարհներին, հատկապես՝ արևմտյան և արևելյան ուղղություններով: Փակ են նաև A1 մայրուղու որոշ հատվածներ, որը տանում է դեպի մայրաքաղաքի գլխավոր՝ Շարլ դե Գոլի անվան օդանավակայան: Այդ գործողությունների արդյունքում Փարիզի շուրջ խցանումները գերազանցում են 140 կիլոմետրը: