Շվեդիայում կալանավորը փախուստի է դիմել բանտից՝ ատամնաբույժի այցելելու համար
Շվեդական Վեներսբորգում գտնվող բանտի կալանավորը փախուստի է դիմել՝ ատամնաբույժի այցելելու համար, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Opposing Views-ին: Տղամարդը կարողացել է հեշտությամբ փախչել, քանի որ բանտը լավ չի պաշտպանվում. այնտեղ պահվում են ոչ ծանր հանցագործություններ կատարած անձինք:
51-ամյա տղամարդը պատմել է, որ նրա ատամը շատ էր ցավում, սակայն բանտում նրան մերժել են օգնություն ցուցաբերել: «Երեսս ամբողջովին ուռել էր: Ես այլևս չէի կարող դիմանալ ցավին»,- բացատրել է բանտարկյալը: Տղամարդը հասել է մոտակա ատամնաբուժարան, որտեղ հեռացրել են նրա բորբոքված ատամը:
Բժշկին այցելելուց հետո բանտարկյալը գնացել է ոստիկանություն և հայտնել, որ փախել է բանտից: Իրավապահ մարմինների աշխատակիցները նրան հետ են ուղարկել ուղղիչ հաստատություն: Բանտի ներկայացուցիչները նկատողություն են արել նրան, ինչպես նաև ավելացրել պատժի կրման ժամկետը մեկ օրով:
Տղամարդը բանտում էր մեկ ամսով, փախուստի ժամանակ նրան երկու օր էր մնացել մինչ պատժի կրման ավարտը:










