Տասնյակ ուկրաինացի ընդդիմադիրների են ծեծել Կիևի ճանապարհին

08:40 • 02.12.13

Մոտ 200 մարդ, որոնք ուղղվել էին Կիև մասնակցելու բողոքի ակցիաներին, ծեծի են ենթարկվել Դնեպրոպետրովսկի կայարանում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական ընդդիմադիր ազգայնական «Սվաբոդա» կուսակցության կայքում կիրակի երեկոյան տեղադրված հաղորդագրությանը:


Կազմակերպության տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվել է մոտ հիսուն տղամարդ՝ «սպորտային կառուցվածքով»: Չնայած նրան, որ հարձակվողներն ավելի քիչ են եղել թվով, ենթադրյալ սադրիչներն օգտվել են նրանից, որ իրենց հակառակորդը կանգնած է եղել առանձին խմբերով և «ուժային դիմադրության փորձ չի ունեցել», ընդգծել է «Սվաբոդան»:


«Սվաբոդայի» տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է ոչ թե հարձակումը նախաձեռնողներին, այլ տուժածներին, որոնց տեղափոխել են ոստիկանության բաժին: Կոնկրետ տվյալներ ձերբակալվածների մասին հայտնի չէ, դեպքի մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել ուկրաինական իրավապահ մարմինների կողմից:


Interfax.ru-ի տեղեկություններով՝ ևս մի քանի մարդ ծեծի է ենթարկվել Դնեպրոպետրովսկում ավտոկայանի շենքի մոտակայքում, որտեղից նրանք պատրաստվում էին մեկնել մայրաքաղաք՝ «Եվրամայդան»:


Interfax.ru-ի տեղեկություններով դեկտեմբերի 1-ին քաղաքում ժողովուրդը հավաք է կազմակերպել, որտեղ հավաքվել է մոտ 24 հազար գրիվեն, որպեսզի Կիև ուղարկվի վաթսունից ավելի մարդ: