Ուկրաինայի ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են կառավարության հրաժարականը

15:33 • 02.12.13

Ուկրաինայի ընդդիմադիր 3 խմբակցություններ պահանջում են երկրի կառավարության հրաժարականը՝ վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Այդ մասին խորհրդարանում հայտարարել են Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը։

«Դա մեր առաջին պահանջն է։ Երկրորդ պահանջը քաղաքական ճնշումների դադարեցումն է, այսինքն՝ Յուլյա Տիմոշենկոյի և Կիևում ակցիաների ընթացքում ձերբակալված երեք ակտիվիստների ազատ արձակումը»,-ասել է «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը։

 

Նա մերժել է խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակի նախաձեռնությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը կլոր սեղանի շուրջ քննարկելու վերաբերյալ։

«Մենք արդեն կլոր սեղանի շուրջ նստել ենք, երբ պայմանավորվել էինք ընդունել ինտեգրման մասին օրենքը»-ասել է նա։

 

Դրանով պայմանավորած՝ ընդդիմության առաջնորդները նպատակահարմար չեն համարում շարունակել նիստին մասնակցությունը։ «Մենք գնում ենք Մայդան, քանի որ այնտեղ շատ աշխատանք կա անելու»,-ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ընդդիմադիրները կհանդիպեն Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների հետ։