Ադրբեջանը պետք է համաձայնի նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ. Կոնստանտին Զատուլին
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով և ավելացրեց, որ իրեն թվում է, որ իրականում այդ խնդիրը լուծելի է:
«Դրա համար պարզապես երկկողմ ջանքեր են հարկավոր: Ադրբեջանը պետք է համաձայնի նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ, իսկ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքները վերադարձվեն հետ: Դա, եթե ուզում եք իմանալ, փաթեթային գործարք է: Այլ բան չկա»,-ասաց նա:
Կոնստանտին Զատուլինը նաև նշեց, որ իր դիրքորոշման մասին, երբ ասում է իր ադրբեջանցի ընկերներին, իրեն պատասխանում են, թե դա հայամետ դիրքորոշում է:
«Այդպես է ինձ ասել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Ըստ նրա՝ դա տիպիկ հայամետ դիրքորոշում է: Բայց դա հայամետ դիրքորոշում չէ, այլ՝ իրականությունն է»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե իրականում այս պահին հայկական մի շարք տարածքներ են գտնվում Ադրբեջանի սահմաններում, օրինակ՝ Շահումյանը, Գետաշենը, ռուս քաղաքագետը հորդորեց. «Եթե դուք ուզում եք լուծել մի խնդիր, մի մտեք մյուսի մեջ: ԼՂ-ի գրեթե ամբողջ տարածքը գտնվում է այսօրվա ԼՂՀ-ի զինված ուժերի հսկողության տակ՝ բացառությամբ մի փոքրիկ տարածքի»,-ասաց նա:










