Հայաստանում մասսայաբար աղջիկներին աբորտ են անում, սա ամոթ է, և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է. Հրանտ Բագրատյան

19:10 • 03.12.13

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին և հայտարարեց, թե այնտեղ Հայաստանին «իռոնիայով ձեռ են առնում»։

 

«Ես օգտագործում եմ այս հնարավորությունը՝ խոսելու հետևյալ պրոբլեմի մասին: Շատ հեղինակավոր «Economist» ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է «Գենդերցիդը Կովկասում»։ Այդ առումով Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ Մեր երկրում 100 աղջկա դիմաց ծնվում է 130 տղա։ Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում։ Սա ամոթ է, և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։

 

Նա նշեց, թե ամեն օր հայտարարվում է, թե օրինակ հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա։ «Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում՝ էն մատչելիականության պրոպագանդան, որ անում եք: Այսպիսի վիճակ ծնվել է էն հույսով, որ քսան տարի հետո տղան կգնա դուրս, կբերի՝ իրենց կպահի»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, թե երբ կարդում ես հոդվածը, հասկանում ես, որ «մեզ իռոնիայով ձեռ են առնում»: