Քվեարկությունից առաջ ինքներդ ձեզ հարց տվեք`սերունդների առջև ազնի՞վ ենք լինելու. Արծվիկ Մինասյանը կուտակային կենսաթոշակների մասին
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցի քվեարկությունը խորհրդարանում կանցկացվի վաղը Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին:
Հիշեցնենք, որ ըստ նոր օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Օրենքը հետաձգելու նախագծի գլխավոր զեկուցող հանդես եկող ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր եզրափակիչ ելույթը սկսեց ԱԺ դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակների բողոքի ակցիային զուգընթաց։
«Շատ կուզենայի, որ այստեղ հնչած խոսքերը` հատկապես քաղաքական մեծամասնության, ավելի շատ լինեին իմաստալի, նպատակային ու քաղաքացիներին ճշմարտությունը փոխանցող: Պարոն Աբրահամյանը կոչ արեց կոռեկտության, սակայն ես շատ կուզենայի, պարո՛ն Աբրահամյան, որ այդ խորհրդին առաջին հերթին հետևեն քաղաքական մեծամասնության առանձին պատգամավորներ, ովքեր տեղի-անտեղի վիրավորում են թե՛ընդդիմադիր քաղաքական ուժին, թե՛ դիմախոս քաղաքացիներին, որովհետև այդ ձևով չէ, որ հնարավոր է իրական քննարկում կազմակերպել»,-ասաց Մինասյանը, այնուհետև անցավ նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնված հարցերին։
«Ռեֆորմ բառը սարսափելի չարաշահում են, երբ մենք խոսում ենք ռեֆորմի բացասական դրսևորումների մասին, ամենևին խոսքը չի գնում ամբողջ ռեֆորմի մասին, խոսքը գնում է ռեֆորմի պարտադիր կուտակային բաղադրիչի մասին: Երբ որոշ ժամանակ առաջ Վահան Հովհաննիսյանն օրինակ էր բերում, այդ օրինակը հենց այս դեպքի համար է. երբ մսավաճառից 5 կգ փափուկ միս ես ուզում, 2 կգ փափուկ է տալիս, 3 կգ-ի դիմաց էլ ոսկոր է մտցնում, ասում` «առ միսդ գնա»: Սա նույն բանն է»,- նշեց Մինասյանը` հավելելով, որ չի կարելի ռեֆորմ բառը չարաշահել:
Ըստ նրա, յուրաքանչյուր բարեփոխում իր ժամանակն ունի. «Այս ռեֆորմը չէր կարող իրականություն դառնալ ինչպես 1990-ականերին, այնպես էլ հիմա։ Երկրները, որոնք գնացել են ռեֆորմի ճանապարհով, հաշվի են առել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Մենք այսօր, երբ ունենք 35%-անոց աղքատություն, երբ ունենք գործազուրկների 300.000-անոց բանակ, երբ ունենք 2.200.000-ի մեջ ընդամենը սոցիալական վճար կատարող 400.000, մենք այսպիսի բեռ չենք կարող դնել մեր քաղաքացիների վրա: Հասկանու՞մ եք դա, թե՞ չէ, այս մարդկանց մենք ասում ենք` դուք Հայաստանում այլևս անելիք չունեք, հեռացեք Հայաստանից»,-նշեց նա և ավելացրեց, որ եթե ցանկություն կա թոշակային ֆոնդի վճարողների թիվն ավելացնելու, ապա պետք է աշխատատեղեր ստեղծել, տնտեսության մրցունակությունը բարձրացնել, ՀՆԱ-ի ցուցանիշը մեկ անձի հաշվով ավելացնել, աշխատավարձի քաղաքականություն իրականացնել, այլ ոչ թե գումարները հավաքել քաղաքացիներից և տալ մասնավորին:
Նա բերեց նաև «Արմավիա»-ի օրինակը՝ շեշտելով, որ վստահություն չկա, որ այդ գումարները կհասնեն հասցեատերերին։ «Չենք մոռացել չէ՞, որ Արմավիան պետք է իրականացներ պետական տուրքերի ու հարկերի փոխանցումը պետբյուջե: Տվեցինք այդ իրավասությունը Արմավիային, և արդյունքում տասնութ մլրդ դոլարի կորուստ պետբյուջեում: Սա ձեր բերած լավագույն մասնավոր-հանրային հարաբերակցության և մասնավորին հանրային վերահսկողության սահմանադրական լիազորության փոխանցման արդյունքն է, իսկ ո՞վ է ձեզանից երաշխավորում, որ վաղը կենսաթոշակային ֆոնդերի գումարները չեն արժանանա նույն ճակատագրին»,-նշեց Մինասյանը:
Մինասյանը եզրափակեց, որ այս պայմաններում նման քայլ անելը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ ոտնձգություն իրականացնել:
«Սա Հայաստանի քաղաքացու տարրական իրավունքների շուրջ բանավեճ է: Խնդրում եմ, որպեսզի քվեարկության ժամանակ ևս մեկ անգամ ինքներդ ձեզ հարց տաք`արդյոք սերունդների առջև ազնի՞վ ենք լինելու»,-եզրափակեց նա:










