Ուկրաինայի խորհրդարանին չի հաջողվել Ազարովի կառավարությանն անվստահություն հայտնել

16:00 • 03.12.13

Ուկրաինայի խորհրդարանը չի կարողացել անվստահություն հայտնել Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարությանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 186 պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույն ձայների դեպքում:

 

Մինչ այդ, վարչապետ Ազարովը խորհրդարանի առջև կառավարության և նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից ներողություն է խնդրել «Բերկուտի» հատուկջոկատայինների գործողությունների համար, որոնք ուժ են կիրառել «Եվրամայդանը» ցրելու ժամանակ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել Մայդանում մեր իրավապահ մարմինների գործողությունների համար: Կառավարությունը և նախագահը խորապես ցավում են կատարվածի համար»,- ասել է Ազարովը՝ ելույթ ունենալով Ռադայում:

 

Իր հերթին, ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընդդիմությունը կպահանջի հեռացնել Ազարովին պաշտոնից: