Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են հետաձգել կենսաթոշակային պարտադիր վճարի մասին օրենքի կիրարկումը (լուսանկարներ, տեսանյութ)
«Ոչ», «ոչ», «ոչ»... գոչյուններով այսօր «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության մի քանի հարյուր անդամներ՝ հիմնականում երիտասարդներ, բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք սպասում են ԱԺ մեծամասնության քվեարկությանը, որը հավանաբար տեղի կունենա այսօր։
Իսկ ԱԺ-ում 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Օրինագծի քննարկումը սկսվել էր երեկ։
Մասնակիցների խոսքով՝ ակցիայի նպատակն է պահանջել օրենքում պարտադիր բաղադրիչի վերացումը և նպատակ ունի աջակցել ԱԺ օրենքի կիրառման հետաձգմանը կողմ արտահայտվող 4 խմբակցությունների պատգամավորներին։
«Այսօր հավաքվել ենք, որպեսզի այն պատգմավորներին ովքեր այս օրենքին կողմ են քվեարկել ցույց տանք, որ ժողովուրդը դեմ է այս օրենքին, և այն միտված է ոչ թե մեր բարեկեցությանը, այլ ավելի է վատացնում մեր պայմանները։ Օրենքն ակնհայտ թերի է, և գումար է ուզում վերցնել անգամ նվազագույն աշխատավարձ ստացողից»,- ասաց մասնակիցներից Կարեն Պողոսյանը, ով ինժեներ է։
Բողոքի ակցիայի մասնակիցը հարց հնչեցրեց. եթե սոցիալական խնդիր են ուզում լուծել, ապա ինչո՞ւ հաշվի չեն առնում աղքատ ժողովրդի վիճակը։ «Թող իրենց խնդիրները լուծեն»,- ասաց նա։
Կարենը նշեց, որ եթե չհետաձգեն օրենքը և բացերը շտկեն, ապա իրենք կանցնեն այլ մեթոդների։ «Եթե չհետաձգեցին, մենք չենք պատրաստվում իրենցից բան պահանջել։ Էդ մենք են աշխատում, մեր գումարն է, և մենք ենք հարկ տալիս, էդ իրենք պետք է մեզ համոզեն, ուզենան հետներս բանակցեն, իսկ եթե ոչ, ապա ուրիշ քայլերի կդիմենք»,- ասաց նա, առանց չակերտները բացելու։
Լուսանկարը՝ ՏՏ անվանգության հարցերով մասնագետ Սամվել Մարտիրոսյանի Facebook-ի հաշվից










