Հայտնի են դարձել ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

17:40 • 03.12.13

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:

 

Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ կենտրոնի գրասենյակից: 

 

Առաջին մրցանակ նոութբուքը կստանա Անուշ Թորոսյանը Վանաձորից, երկրորդ մրցանակ նեթբուքը կլինի թարգմանչուհի Նինել Միքայելյանինը, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանողուհի Վերժինե Մինասյանը:

 

Դեսպան Տրայան Հրիսթեան հույս է հայտնել, որ վիկտորինայի յուրաքանչյուր մասնակից ինչ-որ նոր բան է սովորել Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Հաջորդ վիկտորինան առցանց կլինի հաջորդ տարվա ապրիլին»,-տեղեկացրեց դեսպանը` բոլորին առաջարկելով հետևել ԵՄ կենտրոնի կայքէջին և օգտակար տեղեկատվություն և հետաքրքրական փաստեր իմանալ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին:

 

Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվել են բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:

 

Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայքէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները, և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

 

Ի հավելումն հիմնական մրցանակների` ԵՄ կենտրոնը 2014թ.-ի հունվարին կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

 

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։