Ահաբեկիչները գրավել են Սիրիայի քրիստոնեական Մաալուլա քաղաքն ու գերի վերցրել միանձնուհիներին

09:12 • 03.12.13

Սիրիացի ապստամբները, այդ թվում` «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորումը դարձյալ գրավել են քրիստոնեական Մաալուլա քաղաքը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France Presse գործակալությանը հղումով։

 

Ակտիվ հարձակումն սկսվել է 5 օր առաջ։ Շաբաթ նրանք մտել էին քաղաք և դիրքեր զբաղեցրել արևմտյան շրջանում, որտեղ էլ գրավել էին Մար-Թաքլա վանքը։ Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հաղորդել է, որ երկուշաբթի նրանք գրավել են քաղաքի կենտրոնը՝ այնտեղից հետ մղելով կառավարական զորքերը։

 

Սա քրիստոնեական քաղաքի վրա տեղի ունեցած առաջին հարձակումը չէ։ Քաղաքը, որտեղ բնակվում են արամեերենի վերջին կրողները, սեպտեմբերին դարձյալ հարձակման էր ենթարկվել. բնակավայրը նրանց վերահսկողության տակ էր մի քանի օր շարունակ։

 

Դրանից հետո, գործակալության տվյալներով, քաղաքի բնակչությունը՝ մոտ 3.300 մարդ, լքել է բնակավայրն ու տեղափոխվել ավելի ապահով վայր։

 

Մաալուլայում զինյալները հարձակվել են մենաստանի վրա և գերի վերցրել միանձնուհիներին և մայրապետին։

Մարդասիրական բարձրագույն հանձնաժողովի ղեկավար Կինդա ալ-Շամաթը համաշխարհային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի զինյալներին ֆինանսավորող կողմերի վրա՝ միանձնուհիներին ազատ արձակելու համար։