Ուկրաինայի Գերագույն ռադան կքննարկի Մայդանի պահանջները
Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի կքննարկի կառավարության հրաժարականի մասին ընդդիմության պահանջը, հայտնում է BBC-ն:
Սակայն հաջողություն արձանագրելու համար ընդդիմությունը քիչ ձայներ ունի: Այդ հարցում նրանց կարող են օգնել կոմունիստների ձայները: Իսկ որոշ քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ ցուցարարները հնարավոր է գրավեն խորհրդարանը: Նրանք արդեն իսկ շրջապատել են Ռադայի շենքը:
Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակն ասել է, որ դրա համար հնարավոր է նույնիսկ որոշ պաշտոնական ընթացակարգեր անտեսվեն:
Դա կլինի Ռադայի առաջին նիստը զանգվածային ցույցերից և բախումներից հետո: Նախօրեին ընդդիմության առաջնորդները Ռադայում ներկայացրել էին կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը: Վերջինս Վիտալի Կլիչկոն անվանել էր իրենց փոքր հաղթանակը:
Իսկ այլ ընդդիմադիրներ հիշեցրել են, որ պահանջում են նաև նախագահ Յանուկովիչի հրաժարականը և նոր, արտահերթ ընտրություններ:










