Արման Մուշեղյանը երթուղի չի սպասարկի. սեփականատերերի հետ բանակցությունները մտել են փակուղի
Հասարակական գործիչ, 100 դրամի ուղևորավարձի ակտիվ ջատագով Արման Մուշեղյանի՝ երթուղի սպասարկելու շուրջ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մուշեղյանը:
Հիշեցնենք, որ Ա. Մուշեղյանը վերջերս հանդիպել էր 4 և 17 համարի միկրոավտոբուսային գծերի սեփականատերերի հետ, ովքեր արձագանքել էին նրա ֆեյսբուքյան գրառմանը: Գրառման մեջ, մասնավորապես, նշված էր. «Եթե կա որևիցե գծատեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերցնել այդ գիծը՝ գծատիրոջ ամբողջ գույքով: Կարող ենք գնահատել նրա գույքը, և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը»:
«Ընկերության սեփականատերերը, ովքեր արձագանքեցին իմ հայտարարությանը, պատրաստ էին վաճառել իրենց ընկերությունները, ոչ թե վարձակալությամբ տրամադրել: Ի սկզբանե ես չէի ասել, թե կգնեմ, ասել էի, որ պատրաստ եմ վարձավճարով վերցնել ընկերության գույքը, սպասարկել երթուղին և խելամիտ ժամկետում մարել գույքի արժեքը»,-ասաց Ա. Մուշեղյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ինքը հաշվի է առել Հայաստանի տնտեսությունը, ռիսկերը, և հրաժարվել այդ գործարքից, քանի որ սեփականատերերը պատրաստ էին իրեն տրամադրել այդ ընկերությունները միայն վաճառքի դեպքում:
«Այնպես որ՝ մենք ընդհանուր հայտարարի չեկանք, և այդ գործարքը տեղի չունեցավ»,-ասաց Արման Մուշեղյանը:










