ՕԵԿ-ի համբերության բաժակը լցվել է և պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ թեև իրենց կուսակցությունը միշտ արել է հնարավորը՝ ԶԼՄ-ների ազատության համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը չարաշահել է իրենց համբերատար վերաբերմունքը և իրենք պատրաստվում են դատի տալ օրաթերթին։
Նա նկատեց, որ լրատվամիջոցները պետք է ապահովեն խոսքի ազատությունը ու հանրությանը մատուցեն բազմաբովանդակ տեղեկատվություն, սակայն դա պետք է անեն լրագրողական էթիկայի ու պրոֆեսինալ նորմերի սահմաններում:
Ըստ Մարգարյանի՝ իրենց շատ են քննադատել, սակայն սվիններով չեն ընդունել այդ լրատվամիջոցներին, հարկ եղած դեպքում հերքել են, կամ զգուշացրել: «Նման վերաբերմունք է եղել նաև «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ, սակայն վերջիններս չարաշահեցին մեր համբերատար վերաբերմունքը և զգուշացումները՝ ավելին շրջանցելով լրագրողական էթիկան ու տարրական նորմերը, շարունակեցին մեզ վարկաբեկող նյութերը՝ մեղադրելով քրեական օրենսգրքով պատժելի հանցագործությունների մեջ: Սրա մեջ միտում ենք տեսնում, և ժողովրդական խոսք կա՝ այլևս համբերության բաժակը լցվել է»,-հայտարարեց Մարգարյանը:
Վերջինս ընդգծեց, որ պատրաստել են համապատասխան նյութեր, որոնք ներկայացնելու են դատարան, որպեսզի դրանք ուսումնասիրվեն ու ձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ՝ մեղավորներին պատժելու համար:










