Ուկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը քննարկվում է առանց կառավարության

14:46 • 03.12.13

Ուկրաինայի Գերագույն ռադան քննարկում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ առանց նրա մասնակցության, հայտնում է gazeta.ru-ն։ Խորհրդարանի խոսնակն ասել է, որ նրանց հրավիրել են, սակայն թե ինչու չեն եկել, նա չգիտի։

 

Ի դեպ, Ուկրաինայի կառավարության աշխատակիցները՝ վարչապետ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, չեն կարողացել մուտք գործել կառավարության շենք՝ ցուցարարների պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի վարչապետի մամուլի խոսնակ Վիտալի Լուկյանենկոն, գրում է Взгляд-ը:

 

Լուկյանենկոյի խոսքով՝ չնայած եվրաինտեգրման աջակիցների կողմից կառավարության շենքի արգելափակմանը, կառավարությունն իր պարտականությունները կատարում է՝ «մի ռեժիմով, որը հեռու է աշխատանքային լինելուց»:

«Դա կառավարության աշխատանքում լուրջ լարվածություն է ստեղծում: Դա բացարձակ սխալ է, կապ չունի քաղաքացիների՝ իրենց դիրքորոշումներն ազատ արտահայտելու հետ: Դա պետական հաստատությունների աշխատանքի արգելափակում է, ինչը քրեական հանցագործություն է: Վաղ թե ուշ հանգիստ իրավիճակում այդ հանցագործության համար նրա կազմակերպիչները և կատարողները պատիժ կկրեն»,- ասել է Լուկյանենկոն:

 

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի խորհրդարանի մոտ տեղի է ունենում իշխող «Ռեգիոնների կուսակցության» աջակիցների հանրահավաքը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռեգիոնների կուսակցության» խորհրդարանական խմբակցությունից ի նշան բողոքի երկու պատգամավոր է դուրս եկել՝ Դավիդ Ժվանիան և Ինա Բոգոսլավսկայան, ովքեր դեմ են Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների հավաքն ուժով ցրելու գործողություններին: