Հուլիոս Կեսարն էր, եկա´վ, տեսա´վ, հաղթե´ց. Սասուն Միքայելյանը՝ Վ. Պուտինի այցից

21:04 • 03.12.13

Արցախյան ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի մասին նախընտրում է լռել, բայց որոշ դիտարկումներ, այնուամենայնիվ, ունի: «Ի՞նչ կա, որ ինչ մեկնաբանեմ: Այցը ո՞րն է, որևէ հարցի շուրջ լուրջ քննարկում կա՞ր»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և դիտարկմանը, թե` ի վերջո` ի՞նչ էր այդ այցը, պատասխանեց. «Հուլիոս Կեսարն էր, եկա´վ, տեսա´վ, հաղթե´ց: Ուրիշ ի՞նչ վիճակ կարող էր լինել»:

 

Այցի արդյունքների մասին նա խոստացավ խոսել մի քանի օրից, իսկ մինչ այդ նկատեց. «Հայռուսգազարդի 20%-ն էլ տվեցին Ռուսաստանին, Գյումրին էլ կտան օդանավակայանով, կպրծնի, կգնա, այսինքն՝ գույք պաշտոնի դիմաց: Իսկ պատասխանը ես, դու, մեր երեխաները պետք է տանք»:

 

Ազատամարտիկի խոսքով՝ իշխանության շնորհիվ այսօր «ազգովի հայտնվել ենք այն կարգավիճակում, որ հակառակ մեր կամքի՝ ազգովի պահում ենք իշխանության աթոռը», այլ ոչ թե՝ երկրի պետականությունը. «Պետական մտածելակերպ չկա, մարդիկ ամեն ինչ անում են, առնում-ծախում են, որ իրենց աթոռը պահեն: Թքած ունեն ժողովրդի կարծիքի, սահմանադրական իրավունքի վրա»:

 

Ինքն անձամբ պայքարը չի դադարեցնի, ավելին, գտնում է, որ ավելի ընդլայնված պայքար է պետք տանել: «Փաստն այն է, որ մենք չենք կարողանում պայքարել: Բայց ես խոստանում եմ երկիր կառուցել: Պիտի հասկանանք, որ վերջն է, իսկ երկրի միակ փրկությունն այս իշխանության հեռացումն է հնարավորինս շուտ, թե չէ վաղը շատ ուշ կլինի»,-ասաց նա՝ խոստանալով, որ էական քայլերը կլինեն շատ շուտով: