ԵՄ-ն միակն է, որ գործընկեր երկրների որոշումներին հարգանքով է վերաբերում. ՀՀ-ում ԵՄ դեսպան

17:21 • 03.12.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու կապակցությամբ երեկ Երևանի փողոցներում ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության կազմակերպված ակցիան վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները կողմ են ազատ կամարտահայտմանը: Նման կարծիք հայտնեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:

 

«Դրա մասին վկայում է միայն այն փաստը, որ ակցիան թույլատրված էր: Ես երեկ հետևում էի լրատվամիջոցներին, տեղեկացա ձերբակալությունների մասին. հուսով եմ, որ ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան: Մենք սպասում ենք, որ տեսնենք՝ ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները: Հուսով ենք, որ հետաքննությունը կարվի յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության իրավունքից ելնելով: Սա մի սկզբունք է, որի տակ ստորագրել է նաև Հայաստանը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու հայտարարությունից հետո ոտքի ելած քաղաքացիներին և պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսու՞մ է երեկ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե դա ընդամենը էկրանի համար է արվում, դեսպանը պատասխանեց.

 

«Աստված ինձ հեռու պահի Պուտինի ասածները մեկնաբանելուց: Ուկրաինայի հետ մեր բանակցություններն ավարտված են, քննարկումները ԵՄ-ի հետ պետք է լինեն այն ժամկետների վերաբերյալ, թե մինչև երբ է հնարավոր համաձայնագիրը ստորագրել: Բոլոր դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ Ուկրաինայում բոլոր կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն: Ոստիկանության կողմից ավելորդ ուժի կրառումը պետք է բացառվի»,-ասաց նա:

 

Դեսպանին հիշեցրին, որ համացանցում կա տեսանյութ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դժգոհում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, թե ԵՄ-ն իրեն թողել է միայնակ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք դա չի վկայում այն մասին, որ ԵՄ-ն իր Արևելյան գործընկերության երկրներին երաշխիքներ չի տալիս և այդ պատճառով է, որ Հայաստանը ևս չնախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, Տրայան Հրիստեան ընդգծեց, որ ընդհանրապես մտածելակերպը փոխելու համար պահանջվում է խիզախ որոշում ընդունելու կարողություն:

 

«Հաճախ ուկրաինացի գործընկերներն ասում են, որ այս համաձայնագրի համար մեծ ծախսեր են պահանջվում, և եթե ԵՄ-ն չի փոխհատուցում դրանք, ուրեմն միայնակ է թողել: Սրա մասին բազմիցս խոսվել է, և հստակ է մի բան, որ դրանք ծախսեր չեն: Դրանց պետք է վերաբերել իբրև ներդրումներ, որոնք հետո պետք է բերեն եկամուտ: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի պարագայում: Սա չի նշանակում երկրին մենակ թողնել, ճիշտ հակառակը»,-ասաց նա:

 

Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին Տրայան Հրիստեան ասաց. «Մենք սպասում ենք մեր հայ գործընկերների առաջարկներին, թե ինչեր կարելի է անել կոնկրետ ճյուղերում: Իսկ դրա համար հետևում ենք ՄՄ-ի ու Հայաստանի միջև զարգացող հարաբերություններին: ԵՄ-ն ուշադիր հետևում է և հարգում է ազատ ինքնիշխան որոշումները: Ես կհամարձակվեի ասել, որ ԵՄ-ն միակն է, որ գործընկեր երկրների որոշումներին հարգանքով է վերաբերում: Մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ նույնիսկ այն պարագայում, որ որոշվել է ՄՄ-ին միանալ: Բայց մենք պատրաստ ենք խորացնել հարաբերություններն այն ոլորտներում, որոնք կլինեն համատեղելի այն որոշման հետ, որը ընդունել է Հայաստանը»: