Ոստիկանության գործողությունները որոշակի խմբավորմանը ծառայող զինյալների վարքագիծ էր. Արտակ Զեյնալյան

13:44 • 03.12.13

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը գտնում է, որ Երևանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանության գործողությունները որոշակի խմբավորմանը ծառայող զինյալների վարքագիծ էր:

 

Անդրադառնալով դեպքերին՝ այսօր կայացած ասուլիսին նա պատմեց. «Երեկ ներկա եմ գտնվել Կենտրոնի ոստիկանությունում, ինձ թույլ չեն տվել բարձրանալ վերև, այդպես էլ թույլ չտվեցին, որ մարդու իրավունքների արագ արձանագրման խմբի ներկայացուցիչները նույնպես բարձրանան վերև: Խախտվել է անձանց ազատության իրավունքը, այն, որ Ոստիկանություն տարված անձանց առաջիկա երկու ժամերին ոչ մի բան չեն ասել տանելու մասին, թույլ է տալիս ենթադրել, որ նրանց բերման էին ենթարկել այլ նպատակներով: Սա կրել է կազմակերպված բնույթ, կենտրոնացված կառավարվել է»:

 

Երեկ բերման ենթարկված լրագրող Վարդան Մինասյանը պատմեց, որ ոստիկանական մեքենայի մեջ իրեն հարվածել են և ևս երկու հոգու ծեծել, ինչն իրավապաշտպանը ոստիկանների կողմից անմարդկային դրսևորում որակեց:

 

Նա նշեց, որ առանց ոստիկանական համազգեստի անձանց կողմից մարդկանց տանելն առևանգում է, ինչը բնորոշ է նույն այդ զինյալներ խմբին:

 

«Անորոշությունը, որի մեջ գտնվել են անձինք, այդ թվում նաև անչափահասները, նույնպես կոնվենցիայի խախտում է: Այդ բոլոր վարչական կալանքները եղել են ապօրինի: Իսկ որ լրագրողի հանդեպ առավել ուշադիր են եղել, խոսում է այն մասին, որ սա նաև իրականացվել է անձանց քաղաքական հայացքների համար»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

 

Խոսքի վերջում իրավապաշտպանը նկատեց. «Հայաստանն արձանագրում է հետընթաց, բարի գալուստ Մաքսային միություն»: