Բիլ Քլինթոնը խոստովանել է նախագահներին «գաղտնալսելու» մասին
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կոչ է արել օտարերկրյա պետությունների առաջնորդներին լրտեսելու հստակ կանոններ սահմանել։ Նրա խոսքով՝ իր նախագահության տարիներին նույնպես «գաղտնալսումներ» եղել են, սակայն այժմ հատուկ ծառայություններն ավելի շատ հնարավորություններ ունեն նման աշխատանքի համար, գրում է ДНИ.ru-ն։
«Բացահայտումներն այն մասին, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է արտասահմանյան երկրների նախագահներին, վկայում են հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների փոփոխության մասին։ Կարծում եմ՝ պետք է հաստատվեն գաղտնալսման հստակ կանոններ»,- նշել է Քլինթոնը։
Նախկին նախագահն ասել է, որ իր նախագահության տարիներին ինքը մեծ զգուշությամբ է վերաբերվել նման տեղեկություններ հավաքելուն։
«Դա կախված էր նրանից, թե ում մասին է խոսքը։ Եթե մենք կարծում էինք, որ այդ մարդիկ հակված են թշնամական գործողությունների ԱՄՆ-ի հանդեպ, ապա հատուկ ծառայությունները կարող էին դրանով զբաղվել։ Սակայն ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք չունեինք հնարավորություն դա անել այնպիսի ծավալներով, ինչպես հիմա է»,- հավելել է Քլինթոնը։










