Ուկրաինայի եվրաինտեգրման շուրջ նոր բանակցություններ չեն լինի
Եվրոպան մտադիր չէ փոխել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի արդեն նախաստորագրած տեքստը և նոր բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ, հաղորդում է vesti.ru-ն: Սակայն ԵՄ-ում պատրաստ են հանգամանորեն բացատրել, թե ինչ է շահելու Ուկրաինան այդ համաձայնագրի շնորհիվ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ քննարկել Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու իրագործմանն առնչվող տարբեր հարցեր և հանգամանորեն բացատրել, թե կոնկրետ ինչ կշահի Ուկրաինան այդ համաձայնագրից: Մենք, այնուամենայնիվ, պատրաստ չենք նոր բանակցություններ սկսել համաձայնագրի տեքստի շուրջ»,- ընդգծել է նա:
Նախօրեին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 4-ին Բրյուսել կմեկնի պատվիրակություն՝ եվրաինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնելու համար: Միաժամանակ բանակցությունների համար ևս մեկ պատվիրակություն պետք է մեկնի Ռուսաստան:










