Եվրոպայում ավելի շատ հեծանիվ են գնում, քան մեքենա
Եվրամիության 28 երկրներից 26-ում 2012թ.-ին ավելի շատ հեծանիվ է վաճառվել, քան ավտոմեքենա, տեղեկացնում է Взгляд-ը։
Փորձագետները ենթադրում են, որ դա անմիջական կապ ունի Եվրոպայի տնտեսական ճգնաժամի հետ։
Հեծանիվն ընդունված փոխադրամիջոց է դառնում ոչ միայն այն երկրներում, որտեղ հեծանվային տրանսպորտն ավանդույթներ ունի և ընդունված է հեծանիվ վարելը, ինչպես, օրինակ, Հոլանդիայում և Դանիայում, այլև Իտալիայում և Իսպանիայում։
Իտալիայում 2012թ.-ին վաճառվել է 1.6 մլն հեծանիվ և 1.4 մլն ավտոմեքենա։ Միլանում վերջերս հայտնվել է հեծանիվների վարձույթը, ինչպիսին կա Փարիզում և Լոնդոնում։
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ 2011թ.-ին երկրում մեքենաների վաճառքի ծավալը նվազել է՝ հասնելով 1964թ.-ի մակարդակին։
2012թ.-ին ավտոմեքենաների վաճառքը հեծանիվների վաճառքին գերազանցել է միայն Բելգիայում և Լյուքսեմբուրգում։
«Ավելի մեծ թվով մարդիկ են սկսում տեղաշարժվել հեծանիվներով։ Մի մասը դա անում է նորաձևությունից դրդված, մյուս մասը՝ տնտեսական պատճառներով»,-պարզաբանել է հեծանվորդների համար նախատեսված ամսագրի խմբագիր Պեդրո Կարվալոն։
Լոնդոնի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում հեծանվով տեղաշարժվողների թիվն աճել է 66%-ով։










