155 մլն-ը կամ «քեշ» փողով պետք է վճարեինք կամ էլ ինչ-որ ձևով մարեինք. նախարարը «ՀայՌուսգազարդի» 20 %-ի վաճառքի մասին

18:20 • 04.12.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը շարունակում է զբաղվել գազի սակագնով, իսկ այսօրվա Կառավարության հետ հարցուպատասխանն էլ հենց այդ թեմայով էր։ Նա 4 հարց էր ուղղել Կառավարությանը. ««ՀայՌուսգազարդ» ընկերության պաշտոնական թվերում 2012 թ-ի կուտակված պարտքը 160 մլն դոլար էր, դուք պայմանագրի մեջ դարձրել էք 155 մլն դոլար, ո՞ւր է կորել մոտավոր 5 մլն դոլարը»,- հարցրեց նա և անցավ հաջորդ հարցին։

 


«Վերջին պայմանագիրը՝ գազի գնի թանկացման, ապրիլի 1-ից էր, և մենք սկսել էինք վճարել հուլիս 7-ից, ո՞վ է վճարելու այդ տարբերությունը, որքա՞ն է կազմում այդ տարբերությունը 3 ամիս չմուծելու և վերջին ամիսների համար, ո՞վ է մուծելու այս տարվա գոյացած պարտքը, քանի որ 155 մլն դոլարը միայն 2012 թ-ին գոյացած պարտքի համար է, որ 20 տոկոսի ձևով տրվել է «Գազպրոմին»»,- հարցրեց նա։

 


Երրորդ հարցը Արամ Մանուկյանի վերաբերվում էր նրան, թե իրենք տնտեսագիտական հաշվարկներ են արել՝ հաշվի առնելով բոլոր այն մեթոդիկաները, որ Կառավարությունը օգտագործել է, և հասկացել, որ Կառավարության 20 տոկոս բաժնեմասն արժե 240-260 մլն դոլար։ «Ո՞վ է գնահատել ՀՀ-ի սեփականության 20 տոկոսի արժեքը 155 մլն դոլար։ 100 մլն դոլար նվազագույնը պակաս է գնահատվել»,-ասաց նա և վերջին հարցին անցավ. «20 տոկոսի հետ կապված ՓԲԸ-ն օբյեկտիվ կամ այլ պատճառներով կուտակել է 65 մլրդ դրամ պարտք, ՀՀ կառավարությունն այս ՓԲԸ-ից ունի 20 տոկոս և 20 տոկոսի տերը մուծել է ամբողջ պարտքի համար, այսինքն՝ հայ ժողովրդի, քաղաքացիների սեփականությամբ 100 տոկոսով։ ՓԲԸ-ի տրամաբանությունը, սակայն, այն է, որ օգուտները և վնասները հավասարապես բաժանվում է հիմնադիրների մեջ»։

 


Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ գազի գնի բարձրացման հետ կապված հարցերը սկսել են 2011թ-ից, երբ «Գազպրոմը» հայտարարել էր, որ պետք է բարձրացնեն նաև ՀՀ-ի համար։

 


«2011-ին կարողացանք բանակցել ռուսական կողմի հետ, որ Հայաստանում գզի գինը կշարունակենք վաճառել սահմանի վրա 180 դոլարով, մինչև բանակցությունները կավարտենք և կորոշենք, թե ինչ ենք անում 5 տարվա կտրվածքով գազի գնի գոյացման հետ և առաջացած պարտքերի հետ։ 2011-ից մինչև հիմա շարունակվեցին բանակցությունները և արդյունքում եղավ այն, որ այժմ գազի գինը 189 դոլար է և 30 տոկոս մաքսային տուրքերից Ռուսաստանը կազատի Հայաստանին, այսինքն՝ առաջիկա 5 տարիների համար այդ թիվը կազմում է շուրջ 800 մլն դոլար։ 2011-ից առ այսօր առաջացած պարտքը մոտ 300 մլն դոլար է, մեր պայմանավորվածության համաձայն ռուսական կողմի հետ պարտքի մի մասը մենք ենք փակում, մի մասը՝ իրենք, այսինքն՝ մոտ կեսը մենք, կեսը՝ իրենք։ Այսինքն՝ 2011-ից մինչև 2018 թ-ը ռուսական կողմի վրա բեռը կնստի 1,1 մլրդ դոլար, որից ՀՀ-ն կվճարի 155 մլն-ը՝ առ այսօր պարտքի կեսը,»,- ասաց նա։

 


Նախարարը նշեց. «Ստացվում է 155 մլն-ը կամ «քեշ» փողով պետք է վճարեինք մենք, կամ էլ ինչ-որ ձևով մարեինք»,- ասաց նա և նշեց, որ «ՀայՌուսգազարդի» իրենց բաժնեմասը տալով գործարքը կայացել է հօգուտ ՀՀ-ի։

 


Արամ Մանուկյանին պատասխանը դուր չեկավ և հերթով կրկնեց հարցերը։ Նախարարը ստիպված եղավ մեկ առ մեկ պատասխանել հարցերին և սկսեց նրանից, թե ինչպե՞ս «ՀայՌուսգազարդի» պարտքը՝ 65 մլրդ դրամը, դարձավ 62 մլրդ դրամ։

 


«65 մրլդ-ին, հիմա չեմ կարող ասել, բայց խոստանում եմ, կճշտեմ կասեմ, բայց որևիցե կոպեկ այդտեղ կորել չի կարող»,- ասաց նա։