Վրաստանը 1 տարում արմատախիլ է արել բանտերում կալանավորներին կտտանքների ենթարկելու պրակտիկան. Գարիբաշվիլի

14:55 • 04.12.13

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նոր կառավարությունը վերջին 1 տարում կարողացել է արմատախիլ անել վրացական բանտերում ազատազրկվածների նկատմամբ կիրառվող անմարդկային բռնությունների պրակտիկան, հայտնում է РИА-Новости-ն:

 

«Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ մեր իշխանություններին բաժին հասավ շատ բարդ ժառանգություն: Բանտերում իրականացվող կտտանքների տեսարանները ցնցել են ողջ աշխարհը: Դա հանցագործություն է, որն ըստ նախկին իշխանությունների՝ համակարգում տեղի ունեցած բացթողնման հետևանք է»,-ասել է վարչապետը:

 

2012թ. Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կրած պարտության պատճառներից մեկը Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ կիրառվող շոկային ստորացումները պատկերող տեսանյութերի սկանդալային հրապարակումն էր։



Արդյունքում այդ ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ իշխող «Միացյալ ազգային շարժումը» դարձավ ընդդիմադիր: Այս հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրի նախագահի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիին փոխարինեց «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: