Այս ձեռագրով կարո՞ղ ենք պայքարել կոռուպցիայի դեմ. Ռուբիկ Հակոբյանը արագաչափ սարքեր տեղադրելու մրցույթի մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում դիտարկում արեց, թե և՛ արագաչափերը, և՛ կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիները գերշահույթ են ապահովում։ «Արդյոք ազատ մրցույթ եղե՞լ է: Այս ձեռագրով կարո՞ղ ենք պայքարել կոռուպցիայի դեմ»,- հարցրեց պատգամավորը:
«Այդ սարքերի ձեռքբերումը և համակարգի ներդրումը իրականացվել է մրցույթով: Մրցույթը բաց է եղել: Հաղթել է մասնավոր ընկերություն և իրականացնում է գործառույթը»,-պատգամավորի հարցադրմանն ի պատասխան ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
«Ներդրումներ են իրականացվել, եթե չեմ սխալվում՝ 12 միլիոն եվրոյի: Բնական է, որ այն ներդրումները, որ ընկերությունն արել է, պետք է հետ բերի: Տարիների ընթացքում չի ավարտվի այդ ընկերության պարտականությունների շրջանակը: Ընկերությունը կշարունակի գործունեությունը, պարտավոր է վերանորոգել սարքավորումները, իսկ վերջում արդեն դրանք կհանձնվեն պետությանը»,- նկատեց ՀՀ ֆինանսների նախարարը:
Արձագանքելով ֆինանսների նախարարին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, թե համոզիչ չէ, որ Կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները չունեին այնքան գումար, որ ներդնեին և իրենք սարքավորումներ ձեռք բերեին ու տեղադրեին, այլ ոչ թե տային մասնավորին. «Մի քանի տարուց ներդրված գումարները հետ կգային: Այս ճանապարհով կոռուպցիան չեն վերացնում»:










