Կիևում ցուցարարները կրկին պիկետ են անում կառավարության շենքի առջև
Կիևում ցուցարարները «Եվրամայդանից» ուղղվել են կառավարության շենքի ուղղությամբ, հաղորդում է gazeta.ru-ն: Նրանք բացականչում են կարգախոսներ և ձեռքերում պահում դրոշներ՝ երկրի պետական և «Սվոբոդա» կուսակցության խորհրդանիշով:
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցները գիշերվա ընթացքում Կիևի կենտրոնում զբաղեցրել են ևս մի շենք: Այդ մասին հայտարարել է ճամբարային ավանի պարետ Անդրեյ Պարուբին՝ չհստակեցնելով, թե շենքը կամովին է հանձնվել, թե ցուցարարներն իրենք են այն զբաղեցրել, հաղորդում է Взгляд-ը:
Շենքում գտնվում է մոտ 300 մարդ: Միևնույն ժամանակ Անկախության հրապարակում գտնվում է մոտ 3 հազար մարդ, նույն քանակությամբ մարդիկ էլ մնում են հարակից շենքերում:
Անկախության հրապարակում մարդիկ հերթափոխ են իրականացնում: Ցուցարարների մի մասը, որոնք հրապարակում են մնացել գիշերվա հերթապահության համար, գնում է, սակայն մի քանի հարյուր ցուցարար շարունակում է մնալ մայդանում:
Իշխող «Ռեգիոնների կուսակցությունն» Ուկրաինայի գլխավոր դատախազությունից պահանջել է իրավական գնահատական տալ վարչական հաստատությունների շենքերը գրավելու և արգելափակելու առիթով։










