ԱԺ-ն մերժեց կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու նախագիծը (տարբերակ 2)

12:39 • 04.12.13

13։45

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժելուց հետո, Գալուստ Սահակյանին առաջարկեց գնալ Չիլի, որի փորձն է բերվում է իբրև օրենսդրական նախաձեռնության հիմնավորում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ անդրադառնալով Բագրատյանի առաջարկությանը Գալուստ Սահակյանին խորհուրդ տվեց գնալ Բաղրամյան փողոց, որտեղ հավաքված են պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ընդդիմախոսները:


«Առաջարկում եմ, որ Գալուստ Սահակյանն իջնի փողոց բացատրի, թե ինչու դեմ քվեարկեցին: Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ժողովրդին»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ ԱԺ-ն 46 կողմ, 53 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը:
 


12.45

______________________

Քիչ առաջ ԱԺ-ն 45 կողմ 53 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին: 

 

Այսպիսով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

 

 

12.39

______________________________

ՀՀ Ազգային ժողովում քիչ հետո քվեարկության կդրվի «Կուտակային կենսաթոշակների օրենքում» պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագիծը: Քվեարկությանը զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ցույց են անցկացնում բազմաթիվ քաղաքացիներ՝ սպառնալով փակել Բաղրամյան փողոցը: 

 

Քիչ առաջ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի առաջարկով ԱԺ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ «Կուտակային կենսաթոշակների օրենքում» կուտակային բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագիծը քվեարկության դնելուց առաջ:

 

«Մենք հնարավորություն տվեցինք ԱԺ մեծամասնությանք 20 րոպե մտածել և խելքները գլուխները հավաքել»,- լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը:

 

Աղվան Վարդանյանը նաև հավելեց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

 

Իսկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «կոռեկտությունը գեղեցկացնում է մարդկանց և քաղաքական գործիչներին»:

 

Նշենք նաև, որ նախքան Աղվան Վարդանյանի ընդմիջում խնդրելը «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կոալիցիան դեմ է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակների օրենքում» կուտակային բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին:

 

Հիշեցնենք, որ ըստ նոր օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: