Սոցկայքերում անչափահասների հետ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ վարողը ձերբակալված է. Ոստիկանություն

19:35 • 04.12.13

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru սոցիալական կայքերը և www.skype.com-ի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց: Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan», «HOVHANNES @ SYUZKA» անուններով: 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: 

 

Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում: Հովհաննես Ս.-ն ձերբակալված է: Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

 

Հաղորդագրությունում ասվում է. «Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից»: