Ռոքի սիրահար թուրք իմամը փորձում է համատեղել իսլամն ու ժամանակակից երաժշտությունը
Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական փոքրիկ գյուղի իմամ Ահմեթ Մուհսին Թուզերը լուրջ խնդիրների առաջ է կանգնել՝ իր նախասիրության պատճառով:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բանն այն է, որ Թուզերը բացի հոգևորական լինելուց նաև ռոքնռոլ երաժշտության սիրահար է ու ստեղծագործում է այդ ժանրում:
Agence France Presse լրատվական գործակալության հետ զրույցում ռոքեր իմամն ասել է, որ տեղի կրոնական իշխանությունները հետաքննություն են սկսել իր դեմ` կապված «տարօրինակ» նախասիրության հետ:
«Ես իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ մարդ կարող է մուսուլման լինել` միևնույն ժամանակ լսել ռոք ու ժամանակակից լինել: Այժմ սպասում եմ հետաքննության արդյունքներին, սակայն ինչ էլ պատահի, շարունակելու եմ ռոքի բնագավառում ստեղծագործել»,-ասել է 42-ամյա իմամը, ով նաև ռոք խմբի անդամ է:
Տեղի կրոնական իշխանությունները ներկայում փորձում են պարզել, թե արդյոք հոգևորականի երաժշտական նախասիրությունը չի հակասում իսլամի օրենքներին:










