Ի՞նչ է նշանակում մութ ապագայում հետ վերադարձվող գումարներ. բողոքի ավտոերթի մասնակից (տեսանյութեր, լուսանկարներ)

14:08 • 05.12.13

15.22

________________________

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության կազմակերպած ավտոերթի մասնակիցները շուրջ 10 րոպե կանգնեցրին իրենց մեքենաները և միացնելով մեքենայի ազդանշանները՝ իրենց բողոքի ձայնը բարձրացրին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

 

Ոստիկանությունը հորդորում էր վարորդներին ազդանշաններն անջատել՝ նշելով, որ դա օրենքի խախտում է և վարորդները կարող են տուգանվել: Ի վերջո, ակցիայի հետևանքով Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում առաջացավ խցանում, որից դուրս գալով՝ ակցիայի մասնակից մեքենաները շարժվեցին դեպի Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, որից հետո կրկին անցնելով Բաղրամյան փողոցով հասան սկզբնակետ:

 

Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Թինա Մանուկյանը նշեց, որ ինքը մասնակցում է որպես ՀՀ քաղաքացի՝ փորձելով իր բողոքը հայտնել կուտակային կենսաթոշակների պարտադիր համակարգի նկատմամբ: «Սա չպետք է լինի պարտադիր, պետք է լինի կամավոր: Այս օրենքը հակասահմանադրական է և խախտում է իմ իրավունքները»,-ասաց նա:

 

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վահան Դուինյանը նշեց, իրականում այսօր ՀՀ քաղաքացիները լիարժեք իրազեկված չեն նոր օրենքի մասին: «Շատերի կողմից հիշվում է այդ 5%-ը, որի մասին անընդհատ խոսվում է, բայց իրականում դա 5% չէ, դա ընդամենը բառերի խաղ է: Այդ գումարը գանձվելու է չհարկված աշխատավարձից, իսկ այդ պարագայում գումարը շատ ավելի մեծ տոկոս է ստացվում 6.6%-ից մինչև 13%»,-ասաց նա:

 

Վահան Դուինյանը նաև նշեց, որ այսօր մարդիկ չունեն միջոցներ, որպեսզի թոշակի համար կուտակեն: «Մարդիկ հնարավորություն չունեն ավել գումարներ հատկացնել, դա ինչ-որ բանի հաշվին պետք է լինի: Բայց կա նաև տոտալ անվստահություն, ի՞նչ է նշանակում մութ ապագայում հետ վերադարձվող գումարներ, ո՞նց են դրանք երաշխավորվելու»,-ասաց նա:
 

 

14.08

______________________

 

Մարզահամերգային համալիրի մոտակա ավտոկայանատեղիից շուրջ 50 վարորդ ավտոերթով բողոքի ակցիա անցկացրին՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:


Վարորդները մեքենաներով համալիրից շարժվեցին դեպի Կիևյան փողոց, ապա Բաղրամյան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով հասան Հանրապետության հրապարակ:

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը ԱԺ չորս խմբակցությունների առաջարկած կենսաթոշակների օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժվեց «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմից՝ ձայների 45/53 հարաբերակցությամբ:



Դրան զուգահեռ պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ:

 

Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: