Ռուսաստանը Սիրիային քիմիական զենքը ոչնչացնելու սարքավորումներ կտրամադրի
Ռուսաստանը Սիրիային կտրամադրի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են քիմիական զենքը ոչնչացնելու համար. նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում ՌԴ-ի դեսպան Վիտալի Չուրկինը, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Ըստ պաշտոնյայի` դա կլուծի այն նյութական միջոցների պակասը, որոնք անհրաժեշտ են Սիրիայի քիմիական զինաթափման համար: Չուրկինը դա գնահատել է աջակցություն:
Օգոստոսին Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում քիմիական հարձակման հետևանքով 1500-ից ավելի մարդ էր զոհվել, ինչից հետո առաջացել էր Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու պահանջ: Սակայն խնդիր էր դարձել բուն ոչնչացումը, քանի որ իր տարածքում դրա իրականացումից հրաժարվել էր ամենահավանական թեկնածուն` Ալբանիան: Այժմ քննարկվում է Սիրիայի քիմզենքի` օվկիանոսի ջրերում ոչնչացման տարբերակը:










