Փետրվարին բարձրացնելու ենք հաղթանակի դրոշը. ազատամարտիկները պայքարի վերջնաժամկետ նշեցին (տեսանյութ)
Արցախյան մի խումբ ազատամարտիկներ, ովքեր երկրում իշխանափոխության պահանջով ամիսներ առաջ պայքար են սկսել՝ անցկացնելով ամենշաբաթյա հանրահավաքներ Երևանի ազատության հրապարակում, այսօր տարվա վերջին հանրահավաքին հայտարարեցին պայքարի վերջնաժամկետը՝ եկող տարվա փետրվար ամիսը:
«Փետրվարին բարձրացնելու ենք հաղթանակի դրոշը: Այդ օրը կհայտարարենք, որ բոլորը լինեն այստեղ, ազատամարտիկների կողքին, և այդ օրը մենք կազատենք մեր Հայաստանը»,-հայտարարեց Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը:
Նա ասաց, որ այդ որոշիչ օրը իրենք պետք է «հանեն աղբը Հայաստանից»:
«Դիմում ենք բոլոր օլիգարխներին, հետո չասեք՝ ձեզ էլ չենք ասել, փետրվարյան այդ օրը ձեզ բոլորիդ սպասում ենք այստեղ հարգանքով և ըմբռնումով, այդ օրը դուք կունենաք ժողովրդի հարգանքը և տեղ կգրավեք արժանավոր քաղաքացիների շարքում, հակառակը չենք ընդունում»,- Սուրեն Սարգսյանը խոսքն ուղղեց օլիգարխներին:
Նա նաև ասաց, որ իրենք շուտով կհայտարարեն այն մարդկանց ցանկը, որոնք կլինեն երկրի ժամանակավոր կառավարիչներ:
Ազատամարտիկը հնչեցրեց նաև Սերժ Սարգսյանին ուղղված մի քանի հանձնարարականներ. «Վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի հետ երկրից թալանված գումարները, որով մենք կվերադարձնենք պետական պարտքը: Աշխատանքից ազատել Գագիկ Խաչատրյանին, պատասխանատվության ենթարկել Սաշիկ Սարգսյանին և Միքայել Մինասյանին, դադարեցնել հանքերի անխնա շահագործումը, և մինչև մեր նախանշած օրը Շանթ Հարությունյանն իր համախոհներով լինի ազատության մեջ»:
Վերջում խոսքն ուղղելով ժողովրդին՝ Սուրեն Սարգսյանը հայտարարեց. «Չկասկածեք, փետրվարին իշխանությունը վերցնելու ենք»:
Ելույթ ունեցավ նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով, որ ամեն օր իշխանություններից մի վատ բան ժողովուրդը ստանում է:
«Ազատամարտիկներն ասում են՝ էսքան խոսեցինք, որ հասկանանք մի բան՝ ո՞րն է խնդիրը: Հիմա այն, ինչ արվելու է փետրվարին, ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, քնած մարդ չպետք է մնա»,-ասաց նա: Իսկ ՀՀ նախագահին հանձնարարականներ տալը Մանուչարյանն անիմաստ համարեց:










