Մերկելի հետ կոալիցիային դեմ հանդես եկող սոցիալ-դեմոկրատները սպառնալիքներով զանգեր են ստացել
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները սպառնալիքներով զանգեր են ստացել՝ Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի հետ կոալիցիոն համաձայնության հարցի շուրջ ներկուսակցական հանրաքվեի պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Այդ հանրաքվեն վերջին քայլն է Գերմանիայում դաշինքի և սոցիալ-դեմոկրատների կոալիցիա կազմելու ճանապարհին: Կոալիցիոն համաձայնությանը «դեմ» կամ «կողմ» կքվեարկի մոտ 475 հազար շարքային սոցիալ-դեմոկրատ: Այդ հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 14-ին:
Սպառնալիքներով զանգերը ստացվել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Բեռլինի գրասենյակում: Զանգահարող անձը ներկայացել է կուսակցության ղեկավարության բյուրոյից և համառորեն կոչ է արել քվեարկել կոալիցիոն համաձայնության օգտին: Հանրաքվեի ժամանակ «ոչ»-ը, ըստ նրա, «լուրջ հետևանքներ կունենա նրանց կարիերայի համար»:
Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է զանգահարել կուսակցության անդամներին: Հաղորդվում է, որ զանգեր են ստացել այն սոցիալ-դեմոկրատները, որոնք ավելի վաղ հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Անգելա Մերկելի հետ կոալիցիային:










