Վերջին 5 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կրկնապատկվել է սովյալների թիվը

00:28 • 05.12.13

Սովյալ բրիտանացիների թիվը վերջին 5 տարվա ընթացքում ավելացել է 2 անգամ: 2008-2009 թվականներին սննդամթերքի կարիք ունեցող մարդկանց թիվը կազմում էր 3161 մարդ, իսկ 2012-2013 թվականներին նրանց թիվը հասել է 5499-ի: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Independent-ին, որն այս տեղեկություններն ստացել է Լիվերպուլի համալսարանի գիտնականների հետազոտություններից:


Մասնագետները նաև նշում են, որ նվազել է միջին վիճակագրական բրիտանական ընտանիքի կողմից օգտագործվող կալորիաների քանակը: 


Լիվերպուլի Առողջապահության համալսարանի դոկտոր Դևիդ Թեյլոր-Ռոբինսոնը և պրոֆեսոր Մարգարեթ Ուայթհեդը կարծում են, որ սովը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ բրիտանացիների առողջության վրա: Հեղինակները նշում են, որ դա հատկապես՝ կարող է վատ ազդել երեխաների վրա, որովհետև զարգացման ընթացքում թերսնումը կարող է բացասական հետևանքներ թողնել:


Հեղինակները նաև նշում են, որ մեծ թվով թերսնման դեպքեր են նկատվել անգլիական հիվանդանոցներում: Գիտնականները նկատում են, որ մարդիկ սնվում են անառողջ սննդով, որովհետև առողջ մթերքների հասանելիությունը մարդկության հիմնական խնդիրներից մեկն է: