Եթե նորմալ ուսումնասիրվեր 500 մլն դոլարի պարտքի օգտագործումը, շատերը կկանգնեին քրեական պատասխանատվության առջև.Գ. Արսենյան
ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից մեկը պետք է լիներ այն, թե ինչպես օգտագործվեց ՌԴ կառավարության կողմից 2009 թ. Հայաստանին տրամադրված 500 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
«Որովհետև դա պարտք էր, որը վերցվել էր հայ ժողովրդի անունից, և ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե այն պարտքը, որը հետո ինքն է փակելու, ինչպես տնօրինվեց՝ արդյունավե՞տ, թե՞ ոչ, գողացվե՞ց, թե՞ ոչ»,-ասաց Գուրգեն Արսենյանը, ով անձամբ համոզված է, որ օբյեկտիվ ուսումնասիրության դեպքում շատ պաշտոնյաներ կկանգնեն քրեական պատասխանատվության առջև:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Tert.am-ին հայտնել էր, այդ պարտքն արդեն իսկ փակված է: Ճգնաժամի տարիներին այն Գյումրիում բացի բնակարանաշինական ծրագրից շինարարական աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն է տվել:
Գուրգեն Արսենյանը, որպես կոռուպցիայի դասական օրինակ, ներկայացրեց սնանկ ճանաչված «Արմավիայի» կողմից տարիներ շարունակ գանձվող «օդի տուրքի հարկը», սակայն հետագայում պարզվեց, որ այն չի մտել պետական բյուջե:
«ՀՀ իշխանություններից որևէ մեկը ձեն չի հանում, թե՝ ուր են կորել այդ փողերը: ԱԺ-ից հնչեց 18 մլրդ դրամի մասին տեղեկատվություն՝ Հրանտ Բագրատյանի կողմից: Եղբա՛յր, հարկային գործակալ հանդիսացող «Արմավիան», որը պետք է հավաքագրեր և պետական բյուջե մտցներ այդ գումարը, գտնվում է սնանկության գործընթացում: Ո´չ թե քրեական գործընթացում է, այլ՝ սնանկության»,-նկատեց Գուրգեն Արսենյանը:
Նրա խոսքով՝ պարադոքսալ է, որ 50000 դրամ գողացող ՀՀ քաղաքացուն կամ հարկային պարտավորությունները չկատարող քաղաքացուն ենթարկում են քրեական պատասխանատվության, իսկ «18 մլրդ դրամի մասին խոսք չկա»:
«Թող բարի լինեն՝ պատասխան տան, թե ինչ է եղել այդ գումարը»,-ասաց Արսենյանը:










