Կիևի ցուցարարներն արգելափակել են «Բերկուտ» հատուկ ջոկատի բազան (տեսանյութ)

09:55 • 05.12.13

Ուկրաինայի ընդդիմության ակտիվիստները գիշերվանից պիկետ են կազմակերպել ուժայինների բազայի առջև, որպեսզի նրանց թույլ չտան գնալ Կիևի կենտրոն՝ մայդան, հաղորդում է Взгляд-ը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

 

Վարորդներն արգելափակել են «Բերկուտ» հատուկ ջոկատի բազան Կիևի Կրասնոզվյոզդնի պողոտայում: Բացի այդ, համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ նախօրեին երեկոյան արգելափակվել է Վասիլկովում գտնվող զորամասը:

 

Բնակիչներից մեկը հայտնել է, որ այդ զորամասի մոտ «կենդանի շղթա» են կազմել՝ արգելափակելով զորամասի ելքը և թույլ չտալով դուրս գալ ավտոբուսներին: Նրա խոսքով՝ այնտեղ 33 ավտոբուս է եղել հատուկ զորքերով, որոնք պետք է շարժվեին մայդան:

 

«Եվրամայդանը» «Բերկուտի» հատուկջոկատայիններից պաշտպանում են հատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակիցները և աֆղանցիները: Նրանցից ոմանք անգամ կռվել են Չեչնիայում:

 

Մայդանի պաշտպանների մոտ հստակ պլան է կազմվել իրավապահների կողմից հնարավոր բռնության դեպքում:

«Մենք չորս խումբ ունենք: Առաջինը պաշտպանականն է: Դրան օգնում է և հարված հասցնում մյուսը, որը պետք է ադեկվատ պատասխան տա, եթե «Բերկուտն» անցնի գործողությունների: Երրորդը պայմանական կենտրոնի անվտանգությունն է ապահովում: Չորրորդ խումբը պետք է բոլոր կողմերից սեղմի «Բերկուտին» օղակի մեջ: Այդ խումբը մի քանի հազար մարդուց է բաղկացած»,- նշել է ճամբարի պարետներից մեկը։