Եվրաինտեգրման դադարը պետք է Ռուսաստանի և ԱՄՀ-ի հետ խնդիրների լուծման համար. Լեոնիդ Կոժարա

10:40 • 05.12.13

Ուկրաինան հուսով է մոտ ժամանակներում լուծել Ռուսաստանի, Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ խնդիրները, ինչից հետո հնարավոր կլինի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան չորեքշաբթի Կիևի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, հաղորդում է ria.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար եվրաինտեգրման կուրսը «բնական է, տրամաբանական և առանց այլընտրանքի»: Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամային երևույթները, Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ կրճատումը, ինչպես նաև ռուսական գազի համար չափազանց բարձր գինը ստիպել են կառավարությանը ժամանակավորապես դադարեցնել համաձայնագրի ստորագրման պատրաստությունները:

 

«Այդ դադարն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ԵՄ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԱՄՀ-ի հետ բոլոր տեսակի խնդիրների լուծման համար»,- ասել է Կոժարան:

 

Նա վստահ է, որ բոլոր այդ հարցերը մոտակա ժամանակներում կկարգավորվեն, և Ասոցացման համաձայնագիրը, անկասկած, կստորագրվի: